Դիտորդական առաքելությունը կվերացնեն որպես ինստիտուտ․ Քաղհասարակության ներկայացուցիչները մտահոգված են
Քաղաքական
15:33 23/01/2026
Հայաստան

Դիտորդական առաքելությունը կվերացնեն որպես ինստիտուտ․ Քաղհասարակության ներկայացուցիչները մտահոգված են

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը շարունակում է մտահոգություններ, քննադատություններ առաջացնել հասարակական ու իրավապաշտպան շրջանակներում։ Քննադատները այն որակում են որպես հակաժողովրդավարական նախաձեռնություն՝ ուղղված դիտորդական ինստիտուտի փաստացի չեզոքացմանն ու ընտրական գործընթացների վերահսկելի դարձնելուն։

Panorama.am-ի հետ զրույցում «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը նախագիծը գնահատում է որպես դիտավորյալ քայլ՝ ընտրական վերահսկողությունից ազատվելու համար։

«Դատապարտում ենք նման գործելակերպը՝ հակաժողովրդական,  բռնապետությունը ամրապնդող։ Վտանգը նրանում է, որ այս օրենքով ոչ մի դիտորդական առաքելություն չի գրանցվի։ Ըստ էության կվերացնեն դիտորդությունը որպես ինստիտուտ Հայաստանում, որպեսզի անարգել կարողանան ընտրախախտումներ կատարել»,- ասաց Չալաբյանը։

Նրա համոզմամբ՝ դիտորդների գրանցման մեխանիզմը միտումնավոր դարձվում է սուբյեկտիվ։

«Դիտորդների գրանցման սկզբունքը շատ սուբյեկտիվ է, խիստ սուբյեկտիվ, և այդ սկզբունքով կգրանցեն իրենց համար բարենպաստ դիտորդներին, որոնք ընտրախախտումների վրա աչք են փակելու, իսկ այն դիտորդներին, որոնք իրենց ձեռքը բռնելու են, չեն գրանցելու»,– նշեց նա։

Չալաբյանը նաև ուղիղ կապ է տեսնում Էջմիածնի ընտրությունների և օրենսդրական նախաձեռնության միջև՝ պնդելով, որ նախագիծը փաստացի ուղղված է «Հայաքվե»-ի դեմ։ «Սա կարելի է մեր անունով կոչել օրենքի նախագիծ։ Ուղիղ մեր դեմ է արված»,– ասաց նա։

Մինչդեռ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ում անունը հաճախ է հնչում քննադատությունների համատեքստում, պաշտպանում է փոփոխությունների անհրաժեշտությունը։

«Ճիշտ են ասում՝ քաղհասարակությունն է աշխատել այս նախագծի վրա։ Խնդիրը առաջացել է այն ժամանակ, երբ Վաղարշապատի ընտրություններում տեսանք ակնհայտ կողմնակալ դիտորդական առաքելություն»,– ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ ոչ անաչառ դիտորդները վնասում են ամբողջ ընտրական գործընթացին։

«Ինչպես ոչ անաչառ լրագրողը արժեզրկում է բոլոր լրագրողներին, նույն ձև ոչ անաչառ դիտորդը արժեզրկում է բոլոր դիտորդներին։ Սա ընտրությունների համար խնդիր է»,– նշեց նա։

Իոաննիսյանը պնդեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն սահմանափակում ընտրախախտումների բացահայտումը։

«Ընտրախախտումների մասին խոսելու սահմանափակումներ չկա և չի կարող լինել։ Բայց դիտորդը չի կարող մասնակցել քարոզարշավի, դա դիտորդության հետ անհամատեղելի է»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ անաչառ դիտորդները չեն տուժի նախաձեռնությունից։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նախագիծը դիտարկում է որպես ընտրություններին ընդառաջ իրականացվող ավելի լայն գործընթացի մաս։

«Սա առաջին օրենքը չէ, առաջին իրավական ակտը չէ, որը հարմարեցնում են իրենց նախասիրություններին։ Այս ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունը հիմնավոր նախապատրաստվում է»,–Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Կարապետյանցի խոսքով,  տարբեր ոլորտներում ընդունվող կարգավորումները ստեղծում են իրավական միջավայր՝ ճնշումների համար։

«Հանցավոր ռեժիմները հանցավոր են ոչ միայն իրենց մտածողությամբ, այլ նաև նախապատրաստվող օրենսդրական հիմքերով։ Օրենքներ են ընդունում, որ հետո ասեն՝ թղթի վրա ամեն ինչ նորմալ է»,– նշեց նա։

Անդրադառնալով հենց դիտորդների վերաբերյալ փոփոխություններին՝ իրավապաշտպանը նշեց, որ դրանք թույլ են տալու կամայական կերպով բացառել անկախ դիտորդներին։
«Սա միանշանակ բացառելու է անաչառ դիտորդներին։ Կգրանցեն ձևական, հետո ցանկացած խոսք, ցանկացած գրառում կգնահատեն որպես քաղաքական չեզոքության խախտում և կփակեն ամբողջ կազմակերպությունը»,– ասաց Կարապետյանցը՝ ընդգծելով, որ ամբողջ գործընթացը վերահսկվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder