Եղանակի պատճառով քննական կենտրոն չներկայացած դիմորդների համար փետրվարի վերջում քննություն կազմակերպվի. ԳԹԿ
Կրթություն, գիտություն
17:51 24/01/2026
Հայաստան

Եղանակի պատճառով քննական կենտրոն չներկայացած դիմորդների համար փետրվարի վերջում քննություն կազմակերպվի. ԳԹԿ

ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումից հետո որոշում է կայացվել փետրվար ամսվա վերջում եղանակի պատճառով քննական կենտրոն չներկայացածների համար քննություն կազմակերպել, որպեսզի դիմորդները չզրվեն այս փուլում քննություն հանձնելու հնարավորությունից՝ իրենցից անկախ պատճառով։ Այս մասին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից

Քննության օրվա և վայրի մասին ԳԹԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ այսօր հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությամբ մեկնարկում է բուհերի ընդունելության 2026 թվականի 1-ին՝ ձմեռային փուլը: Քննությունները տեղի են ունենալու առաջիկա 3 շաբաթ-կիրակի օրերին:

Այսօր  հանրապետությունում գործելու է 53 քննական կենտրոնից 37-ը: Դրանցից 27-ը մարզերում են, 10-ը՝ Երևանում: Մայրաքաղաքի քննական կենտրոնները թ.թ. 135, 142, 155, 168, 6, 20, 200 հիմնական և թ.թ. 170, 189, 190 ավագ դպրոցներում են:

Հայոց լեզու և հայ գրականություն հայտագրել է 4657 դիմորդ, 3434-ը՝ մարզերում և 1223-ը՝ Երևանում:

Սակայն այսօր առատ տեղումների ու ձնաբքի  հետևանքով փակված ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից  40 դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ մասնակցելու «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը։ Արդյունքում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից  քննությանը մասնակցել են 118-ը։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder