Քաղաքացու նկատմամբ քաղաքական հետապնդում է և խոսքի ազատության ճնշում․ փաստաբան
Իրավունք
14:16 24/01/2026
Հայաստան

Քաղաքացու նկատմամբ քաղաքական հետապնդում է և խոսքի ազատության ճնշում․ փաստաբան

«Քեզ քո գրած գրքով էնքան պետքա տփեն, որ դու մեռնես» Փաշինյանին վերաբերող այս գրառման համար վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Վարդուհի Սրագսյանը։  Panorama.am-ի հետ զրույցում Սրագսյանը հստակեցրեց, որ վարույթով չի հանդիսանում անձի պաշտպանը, դեպքի մասին տեղեկացել է համացանցից։ Միաժամանակ փաստաբանը նշում է՝  քաղաքացու նկատմամբ այս ճնշման դեպքը մեկն է բազմաթիվ այն գործերի շարքում, որոնց համատեքստը՝ Նիկոլ Փաշինյանի անձի վերաբերյալ քննադատական գրառումն է։

Սարգսյանն ընդգծում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակվում է,եթե գրառումը վերաբերվում է Փաշինյանին։

«Տվյալ դեպքում՝ քաղաքացին գրառման մեջ մեջբերում էր կատարել․ «Քեզ քո գրած գրքով էնքան պետքա տփեն, որ դու մեռնես»։ Միայն այս արտահայտության մասով  Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել, ըստ էության, քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչ, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Եթե մենք ուսումնասիրում ենք այս հոդվածը, ապա հանցակազմի հատկանիշներից և ոչ մեկը քաղաքացու կողմից արված մեկնաբանությանը համապատասխան չէ։ Այսինքն՝ սա ոչ այլն ինչ է, քան հերթական անգամ իրավապահ մարմինների միջոցով հասարակության անդամների խոսքի ազատությունը սահմանափակելու և հասարակության վրա ներազդելու միջոց։ Այն բացառապես մարդու միտքն է եղել, այն ակնհայտորեն չի՛ պարունակել որևէ կոչ։ Չի՛ եղել որևէ արդարացում որևէ բռնության հետ կապված և չի՛ եղել քարոզ։ Հետևաբար, հարց է առաջանում՝ հանցակազմի ո՞ր հատկանիշից ելնելով է այդ վարույթը նախաձեռնվել, որով էլ հետագայում անձը պետք է դառնա մեղադրյալ»,- մանրամասնեց փաստաբանը։

Միաժամանակ Panorama.am-ի զրուցակիցն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության սահմանափակումները տեղի են ունենում, երբ գրառումները վերաբերում են իշխանական պաշտոնյաներին։

«Եթե գրառումները կամ մեկնաբանությունները վերաբերում են որևէ ընդդիմադիր ներկայացուցչի , ապա դրանք երբևէ որևէ իրավական գնահատականի չեն արժանանում։ Մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ   խոսքի սահմանափակում փաստացի տեղի է ունենում բացառապես այն դեպքում, երբ  իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ անցանկալի գրառումներ կամ հայտարարություններ են  իրականացվում, ընդդիմադիր գործիչների հետ կապված մենք որևէ խնդիր չունենք այս առումով և որևէ անձի իրավունք չի սահմանափակվում, անգամ, եթե դրանք իրականում բռնության կոչեր են լինում, եթե  դրանք կոնկրետ հանցակազմի հատկանիշներեն  պարունակում»,-նշեց Սարգսյանը։

 Փաստաբանի դիտարկմամբ՝ խոսքի ազատության սահմանափակումների տեսանկյունից կան բազմաթիվ համանման գործեր, որոնք  չեն լուսաբանվում, չեն հրապարակվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սովորաբար շատ ավելի հանրային հնչեղություն ունեցող գործեր են լուսաբանվում։

«Շարքային քաղաքացիների մեծ մասը, որոնք իրենց գրառումների համար հրավիրում են ոստիկանության բաժիններ, քննչական բաժիններ, շատ հաճախ այդ մասին նույնիսկ փաստաբանական հանրությունը չի իմանում և հնարավոր չի լինում դրանք բարձրաձայնել։ Եթե ուսումնասիրենք  Datalex  տեղեկատվական համակարգը, ապա կտեսնենք, որ բազմաթիվ քրեականան գործեր կան հարուցված, հատկապես՝ 2022-24թթ․-ին, որոնք բացառապես քաղաքացիների մտքերն են եղել և սպառնալիքի, իրական բռնության կոչերի հետ որևէ առնչություն չունեն։ Հենց այդ իրավահարաբերության համատեքստում՝ քաղաքացի-իրավապահ մարմինների փոխհարաբերություն, մենք տեսնում ենք, որ իշխանության ձեռքում իրավապահ մարմինները պարզապես լծակ են դարձել ցանկացած ձևով միջամտելու անձանց խոսքի ազատության սահմանափակմանը։ Որևիցե այլ դիտարկում չեմ կարող իրականացնել՝ հաշվի առնելով ներկայիս գործընթացներին»։

Վարդուհի Սարգսյանը նշեում է, որ այլ պայմաններում, եթե օրենքի միատեսակ կիրառություն ապահովվեր և՛ ընդդիմադիր գործիչների, և՛ իշխանական գործիչների նկատմամբ, ապա այս համոզումնքը գուցե չլիներ։

 «Երբ մենք ուսումնասիրում ենք գործերը, ապա տեսնում ենք, որ  90-99 % դեպքերում բացառապես Փաշինյանի վերաբերյալ արված գրառումներն են։ Հաճախ իշխանական այլ գործիչների նկատմամբ համանման գրառումները, եթե դուք ուսումնասիրեք , ապա կտեսնեք, որ դրանք որևէ ընթացք չեն ստանում, այլ բացառապես Փաշինյանի անձով է պայմանավորված։ Այս կոնտեքստում՝ սա ակնհայտորեն քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում է, որն էլ իրականացվում է, որպեսզի ճնշվի նրանց խոսքի ազատությունը։ Իսկ հասարակության լայն զանգվածների նկատմամբ հոգեբանական ճնշման ձև է»,- եզրափակեց Վարդուհի Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացու նկատմամբ քաղաքական հետապնդում է և խոսքի ազատության ճնշում․ փաստաբան