Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ընդդիմադիր դաշտում դիրքավորված ինչ-որ ուժեր այնքան էլ ունակ չեն. Բժիշկ Գևորգ Գրիգորյան
«Եթե նախկին իշխանությունները ներդնեին այսպիսի համակարգ՝ այսօրվա իշխանության մեջ գտնվողներն արդեն մեջտեղից ճղել էին այդ իշխանությանը»,-aysor.am կայքի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրման նոր համակարգի խնդիրներին։
Նրա խոսքով՝ համակարգի ներդնումը ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշտում դիրքավորված շատ ուժեր այդքան էլ ունակ չեն նման գործունեություն ծավալելու։
«Եթե բոլորի համար սա հանգիստ տարվող թեմա է և ընդդիմադիր դաշտից շատ խաղացողներ վախենում են բարձրաձայնել. «ժողովուրդ, էս ինչ եք անում», սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում շատ քիչ են առողջապահության ոլորտի մասնագետներ, սոցիալական մասնագետներ»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով.
«Շատ քիչ քաղաքական ուժեր կան, ովքեր կարող են հետագայում այս սոցիալական բլոկն ապահովել...
Շատ տարօրինակ է թվում, որ ընդդիմադիր դաշտը՝ ոչ բոլորը, միայն մի զգալի մասը, զբաղված են միայն գլոբալ գեոքաղաքական հարցեր քննարկելով, բայց այն այնքան էլ սովորական մարդուն հետաքրքիր չէ»։
Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ քաղաքացուն ավելի հետաքրքրում է իր առողջական խնդիրների լուծումը, քան թե Թուրքիայի ԱԳ նախարարն ում է աջակցում։
Նա նշեց, որ հասարակության մեծ մասը քաղաքկանության մասին չեն ուզում լսել, ապատիայի մեջ են և չեն ուզում որևէ քաղաքական գործչի լսել։
«Եթե իրավիճակն այսպես մնա, ապա ընտրությունների կգնա ընտրողների 30%-ը, որի 30%-ը կընտրի գործող իշխանություններին, որն ընտրողների մեջ քանակական կդառնա 50+1% և Հայաստանը ևս 5 տարով գործող իշխանությունների ծրագրերի ձեռքում գերության մեջ կընկնի»-ասաց բժիշկը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ բժիշկը չի վախենում քաղաքականությամբ զբաղվելուց և առաջիկայում այն դրսևորում ունենա՝ բժիշկ Գևորգ Գրիգորյանն ասաց. «Ես վախենում եմ միայն իմ Աստծուց և սուս ու փուս կանանցից»։
Նա նշեց, որ անընդունելի է քննադատությունն առանց լուծումների առաջարկի և ինքն առաջարկում է առողջության ապահովագրության այլընտրանքային ծրագիր, բացի այդ եթե մարդն ապրում է Հայաստանում, ապա քաղաքականության մեջ է և, 2018 թվականից հետո ինքը 4 տեղից հեռացվել է, բայց երբեք անգործ չի մնացել։
«Մենք չենք քննադատում՝ քննադատելու համար, մենք բացերն ենք ցույց տալիս և շտկելու մեխանիզմներն ենք ասում։ Եթե գործող իշխանությունները չեն ուզում դա ընդունել, իսկ մենք գտնում ենք, որ մեր բնակչությունն արժանի է ավելիին, քան կա, ապա մենք պետք է լինենք այդ իշխանությունը, այլընտրանք չկա»,-եզրափակեց Գրիգորյանը։