Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջության ապահովագրության համակարգով ոտնահարվում է պացիենտի հիմնարար իրավունքներից մեկը. Բժիշկ Գևորգ Գրիգորյան
«Պացիենտի իրավունքների հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք»,- aysor.am կայքի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ խոսելով Հայաստանում հունվարի 1-ից գործող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին։
Նրա կարծիքով, այս խնդիրը պետք է բարձրաձայնվի, քանի որ հիմա Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բուժաշխատողների էթիկայի վերաբերյալ ծրագիր է իրականացում, բուժաշխատողներին պարտադրում են էթիկա պահպանել, ինչը չի արվում կառավարության անդամների դեպքում։
«Ապահովագրության մասին օրենքով նախատեսվում է բուժօգնությունն ապահովել այն բուժկենտրոններում, որոնք պայմանագիր ունեն ապահովագրության հիմնադրամի հետ։ Դա ակամա զրկում է պացիենտին իր օրինական իրավունքից՝ ընտրել իր բժշկին և ստանալ բուժօգնություն ապահովագրությունով։
Ապահովագրական համակարգը ձեզ տալու է, օրինակ, 3, 4 կամ 10 բուժկենտորոն ու ասելու է՝ ընտրիր սրանցից, թե որտեղ ես ուզում բուժվել։ Բայց մարդն ուզում է 11-րդ բուժկենտրոնում բուժվել։
Դա պացիենտի հիմնարար իրավունքներից մեկի ոտնահարում է, պացիենտն իրավունք ունի ընտրել իր բժշկին, դա ամրագրված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» օրենքով։ Այս համակարգը ներդնելով՝ փաստացի այս օրենքն էլ ենք խախտում։
Որտե՞ղ է պացիենտի փրկությունը՝ խախտելով իր իրավունքը», -ասաց Գ. Գրիգորյանը։
Նա մեկ այլ հարցադրում էլ արեց՝ արդյո՞ք Եվրոպայի խորհուրդը, որը կոնվենցիաներ է վավերացնում, Հայաստանում էթիկայի վերաբերյալ թրեյնինգներ իրականացնում, տեղեկացված է, որ պացիենտի հիմնարար իրավունքն ոտնահարում է Հայաստանի կառավարությունը, Ազգային ժողովը. «Եթե տեղյակ են, ինչո՞ւ են երկակի ստանդարտներով խաղում՝ ինչո՞ւ ենք բժշկին պարտադրում պացիենտի բոլոր իրավունքները պահպանել, բայց պետությանը չենք կարող պարտադրել պահպանել պացիենտի իրավունքը։ Պացիենտը պացիենտ չի՞ բոլորի համար։ Դա երկակի ստանդարտ է, ինչը արդարացված չէ»։
Ըստ բժշկի, երբ պացիենտները հասկանան, որ ամեն ինչ այդպես վարդագույն չէ, ինչպես ներկայացվում է, սկսելու են բողոքել ոչ թե նախարարություն, այլ բժշկի վրա։
«Բժշկին պացիենտի հետ թողնում են միայնակ, այսինքն ինչպես ուզում ես, հարցը կարգավորի։ Բժիշկը մեղավոր չէ, որ այս համակարգն ընդունվել է, բժիշկը մեղավոր չէ, որ գնացուցակը հաստատվել է անպիսին, որ իրեն հարգող մասնագետը չի վիրահատի, բուժի։
Ես հասկանում եմ՝ բժշկի կոչումն է պացիենտին փրկելը, բուժելը, բայց իրեն հարգող մասնագետը, իր գիտելիքը գնահատող մասնագետն այդ գներով չի վիրահատի, չի բուժի»,- ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը։