Ձեր համար բաղնիք կսարքենք, կլողանաք, եկեք, աշխատեք. Ախթալայում գործադուլը անող աշխատակիցների հետ համաձանության գալ չի հաջողվել
Տնտեսություն
17:30 26/01/2026
Հայաստան

Ձեր համար բաղնիք կսարքենք, կլողանաք, եկեք, աշխատեք. Ախթալայում գործադուլը անող աշխատակիցների հետ համաձանության գալ չի հաջողվել

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատողները նույն պայմաններով չեն կարող գնալ աշխատանքի, որովհետև չգիտեն՝ հանքից դուրս կգա՞ն, թե՞ ոչ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը՝ անդրադառնալով Ախթալայի հանքում շուրջ 10 օր շարունակվող գործադուլին։

Փահլևանյանի խոսքով՝ եթե մինչև օրվա ավարտը աշխատողների համար ընդունելի լուծում չներկայացվի, արհմիությունը կսկսի պաշտոնական բողոքարկման գործընթացը պետական բոլոր համապատասխան կառույցներում։

«Ես հատուկ եկել էի Երևան, և արդեն այսօր պատրաստվում էինք սկսել բողոքարկման գործընթացը՝ մեր պահանջները ներկայացնելով տարբեր պետական գերատեսչություններին։ Այդ պահանջները ձևավորված են և պատրաստ ուղարկման, որովհետև գլխավոր տնօրենը խուսափել էր բանակցություններից, մինչդեռ օրենքով սահմանված կարգով նա պարտավոր էր մասնակցել դրանց»,– նշեց նա։

Էդուարդ Փահլևանյանի խոսքով՝ բողոքներ պատրաստ են ուղարկվելու աշխատանքի տեսչական մարմին, տարածքային կառավարման նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին և Ազգային ժողով, սակայն աշխատողների խնդրանքով գործընթացը ժամանակավորապես հետաձգվել է։

«Աշխատողները մեզ խնդրեցին սպասել մինչև ժամը 4–5-ը։ Հանքի պետը աշխատողներին ասել է, որ հնարավոր է ինչ-որ լուծում գտնեն։ Դրա համար աշխատողները խնդրեցին՝ մինչև իրենց զանգը որևէ քայլ չանել»,- ասաց Փահլևանյանը։

Նրա խոսքով՝ ոչ թե բանակցություններ են եղել, այլ առանձին շփումներ, որոնք տեղի են ունեցել առանց գլխավոր տնօրենի մասնակցության։

«Պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք փակ հանքում գետնի տակ աշխատող անձանց հետ։ Ես հստակ գիտեմ, որ հանքում առկա պայմանները կյանքի հետ անհամատեղելի են։ Դա անթույլատրելի է։ Մարդիկ պարզապես իրականացնում են իրենց սահմանադրական կյանքի իրավունքը»,- ընդգծեց միության ղեկավարը։

Փահլևանյանը նշեց, որ եթե մինչև օրվա ավարտը աշխատողները բավարար պատասխան չստանան, բողոքարկման գործընթացը մեկնարկելու է։

«Եթե նրանք 113-րդ հոդվածով ազատեն այդ 52 աշխատողներին, մենք անմիջապես դիմելու ենք դատարան»,– ասաց նա։

Արհմիության ղեկավարը նաև շեշտել է, որ այս պահին իր հետ որևէ բանակցություն չի իրականացվում։

«Եթե ցանկություն ունեն բանակցելու, կարող են կապ հաստատել ինձ հետ։ Բայց չեն կապնվել։ Մենք սպասում ենք, որ տեսչական մարմինը ստուգի մեր ներկայացրած փաստերը և վարույթ սկսի»,– նշեց Փահլևանյանը՝ հավելելով, որ առայժմ պաշտոնական բողոք չեն ներկայացրել՝ սպասելով աշխատողների վերջնական դիրքորոշմանը։

Ճյուղային միության ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ կա դեպք, երբ անձը տուժել է հանքում աշխատանք կատարելիս, և չպետք է թույլ տալ, որ դա նորից կրկնվի։

«Այստեղ մարդիկ կան, որոնք հանքում ստացել են հաշմանդամություն և դատարանով են փոխհատուցում ստացել։ Չի կարող լինել որևէ շահույթ, որը ավելի բարձր է, քան աշխատողի առողջությունն ու անվտանգությունը»,- եզրափակեց Փահլևանյանը։

Panorama.am-ը փորձեց կապ հաստատել նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ 

Ավելի ուշ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային միության ղեկավարը Panorama.am-ին տեղեկացրեց, որ հանքի պետի և աշխատակիցների միջև համաձայնություն ձեռք չի բերվել։

«Ասել է՝ ձեր համար բաղնիք կսարքենք, կլողանաք, եկեք, աշխատեք։ Աշխատակիցների պահանջներին ընդառաջ չեն եկել; Մենք արդեն ներկայացրել ենք դիմումները պետական գերատեսչություններին, ընթացք ենք տվել, սպասում ենք պատասխաններին»,- ասաց Փահլևանյանը։  

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 12 օր է՝ 52 հանքափորներ գործադուլ են իրականացնում՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում։ Նրանցից ոմանք կատարում են մասնագիտական աշխատանք՝ չունենալով այդ մասնագիտացումը; Աշխատողները ստանում են մոտավորապես 200-300 հազար դրամ աշխատավարձ։  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը 2025 թվականին ընդգրկվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ զբաղեցնելով 690-րդ տեղը։ Ընկերությունը պետությանը վճարել է շուրջ 544 մլն դրամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր համար բաղնիք կսարքենք, կլողանաք, եկեք, աշխատեք. Ախթալայում գործադուլը անող աշխատակիցների հետ համաձանության գալ չի հաջողվել