Շինթույլտվություններից 23.3% մուտքերի աճը ձեռքբերում չէ, այլ քաղաքային կառավարման ձախողման ցուցիչ. Արթուր Չախոյան
Տնտեսություն
16:55 26/01/2026
Հայաստան

Շինթույլտվություններից 23.3% մուտքերի աճը ձեռքբերում չէ, այլ քաղաքային կառավարման ձախողման ցուցիչ. Արթուր Չախոյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական վերջին նիստի ժամանակ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնեց, որ 2025 թվականին18.8%-ով գերակատարել են անշարջ գույքի հարկի հավաքագրումը, իսկ  շինարարության և նախագծման թույլտվությունների գծով մուտքերը գերակատարել են 23.3 %-ով՝  16.7 մլրդ դրամի փոխարեն հավաքագրել են 20.5 մլրդ։ Թերակատարվել է միայն փոխադրավարձերի հավաքագրումը՝ 3.4%-ով։

Շինթույլտվության նորմերի բազմաթիվ խախտումներով Երևանը մեծ շինհրապարակի վերածելու խնդիրների շուրջ Panorama.am-զրուցեց հանրային գործիչ Արթուր Չախոյանի հետ։

«Այսօրվա գործակարգավարական նիստում հնչեցված՝ շինարարության և նախագծման թույլտվությունների գծով մուտքերի 23.3% գերակատարումը ներկայացվում է որպես դրական արդյունք։ Սակայն իրականում այդ ցուցանիշը պետք է էապես ավելի բարձր լիներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքում առկա է ինքնակամ շինարարությունների մեծ քանակ, որոնց նկատմամբ Երևանի քաղաքապետարանը միտումնավոր աչք է փակում, և դրանցից բխող մուտքերը չեն գանձվում։

Միևնույն ժամանակ, նշված 23.3%-ը ձևավորվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ տրված շինթույլտվությունների հաշվին, որոնք ակնհայտորեն կրում են կոռուպցիոն տարրեր։ Այդ թույլտվությունների հետևանքով քաղաքը գերծանրաբեռնվել է, մինչդեռ Երևանի ինժեներական և կոմունիկացիոն ցանցերը նախատեսված չեն նման ծավալի և խտության շինարարությանը սպասարկելու համար։ Սրա հետևանքներն այսօր տեսանելի են բոլորին․ վթարվող կոյուղիներ, որոնք օրեր շարունակ հոսում են փողոցներով, հաճախակի հոսանքազրկումներ՝ վթարների պատճառով, խմելու ջրի որակի նկատելի տարբերություններ, ինչպես նաև արդեն համակարգային բնույթ կրող ջրանջատումներ։

Այս ամենի հիմնական պատճառը քաղաքաշինական նորմերի խախտմամբ տրված շինթույլտվություններն են։ Բացի այդ, առաջարկում եմ ուշադրություն դարձնել հենց այդ 23.3% ցուցանիշին և յուրաքանչյուր երևանցու համար պարզ համեմատություն կատարել նախորդ տարիների հետ՝ քանի տոկոսով է ավելացել քաղաքի ծանրաբեռնվածություը և վթարների քանակը։ Այդ համեմատությունը անխուսափելիորեն ցույց կտա, որ 23.3% մուտքերի աճը ձեռքբերում չէ, այլ քաղաքային կառավարման ձախողման հստակ ցուցիչ»,- ասաց Արթուր Չախոյանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շինթույլտվություններից 23.3% մուտքերի աճը ձեռքբերում չէ, այլ քաղաքային կառավարման ձախողման ցուցիչ. Արթուր Չախոյան