Գույքահարկի բարձրացման հետևանքով Պարույր Հայրիկյանը վաճառում է իր հայտնի տունը
Քաղաքական
17:33 29/01/2026
Հայաստան

Գույքահարկի բարձրացման հետևանքով Պարույր Հայրիկյանը վաճառում է իր հայտնի տունը

Անկախության շարժման առաջնորդ, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վաճառում է սեփական տունը՝ կուտակված պարտքերի պատճառով։ Panorama.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ խնդիրն անմիջականորեն կապված է գույքահարկի աստղաբաշխական չափով բարձրացման հետ, ինչի պատճառով չի կարողանում ժամանակին սպասարկել նաև բանկերից վերցրած վարկերը։ 

Հայրիկյանի պնդմամբ՝ իր տան գույքահարկը բարձրացել է շուրջ 500 անգամ։ 

«Անցյալում հողի և տների համար տվել եմ տարեկան 7900 դրամ, իսկ այս տարի այն դարձավ 3 միլիոն 900 հազար դրամ։ Միայն հողի գույքահարկը թանկացրել են 250 անգամ։ Նախ և առաջ նայել են՝ Հայրիկյանը որտեղ է ապրում, արի դրա գոտիականությունը բարձրացնենք, դարձնենք Այգեստանին ու Այգեձորին հավասար։ Հետո արդեն բանաձևեր և այլն, բայց սոցիալական պետության մեջ այսպիսի բան լինել չէր կարող»,- նշեց նա՝ հավելելով, որ իր առանձնատունը գտնվում է Դավիթաշենի Ձոր 1 թաղամասում, որը Կենտրոն վարչական շրջանից բավականին հեռու է։

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ Հայրիկյանը հիշեցրեց, որ դեռ տարիներ առաջ առաջարկել էր պետությանն իր առանձնատունը դարձնել Ժողովրդավարության և անկախության թանգարան, քանի որ այնտեղ պահվում են բացառիկ արժեքներ։ Ըստ նրա՝ իր տանն առկա հավաքածուն գնահատվում է 30 միլիոն դոլարից ավելի։ 

«Այնտեղ մի պատվո աստղ կա, որը որպես Սովետական Միության ժողովրդավարական շարժումների առաջնորդ ինձ հանձնել են Վաշինգտոնում, միայն դա 10 միլիոն դոլար է գնահատվում։ 300 միլիոն մարդու ազատագրումը սկսվեց ձեր նվիրվածությամբ՝ գրված է վրան։ Ունեմ 1400  տեսանյութերի վիդեոարխիվ, նամակագրություն տարբեր ազգերի մեծությունների հետ։ Ասել եմ՝ վերցրեք սա պետությանը, դարձրեք թանգարան, և դրա դիմաց բանկերին ունեցածս պարտքերը փակեէ։ Հայէկոնոմբանկին ունեմ 168,000 դոլարի պարտք, ամերիկյան բանկերին՝ մոտ 200,000։ Իրենք «ցրեցին»,- պատմեց ԱԻՄ առաջնորդը։

Հայրիկյանն ընդգծեց, որ տունը վաճառելու որոշումը նաև քաղաքական պատասխան է իշխանությունների այն թեզին, թե ով չի կարողանում վճարել բարձր հարկերը, թող վաճառի գույքը։ 

«Այդ տականքին ասում եմ՝ վաճառում եմ, դե արի գնի։ Դու ասել ես՝ թող վաճառեն, ես էլ հիմա հայտարարել եմ, որ վաճառում եմ։ Դե գնիր, տեսնեմ՝ ո՞վ պիտի գնի, թե՞ միայն ասելուց եք շուկայի տիրականը»,- վրդովմունքը չթաքցրեց նա։ 

Հայրիկյանը շեշտեց, որ հարկերը վճարելու համար ստիպված է եղել դարձյալ բանկերից պարտք վերցնել, օգնել է նաև դուստրը, սակայն չի ցանկանում կախվածության մեջ լինել։

Նա հավելեց, որ իր համար տուն կորցնելը ողբերգություն չէ, ողբերգությունն այլ արժեքների կորուստն է․ «Ինձ համար ողբերգություն է, որ իմ նախաձեռնությամբ կառուցած եկեղեցին մնաց ու թուրքերը փչացրին, ասում են՝ մզկիթ են դարձրել։ Ողբերգություն է, որ 10-ից ավելի բնակավայրեր ստեղծեցինք, մարդկանց բնակեցրինք, ու այդ բոլորը քամուն տրվեց միայն տականքի պատճառով»։ 

Նշենք, որ Հայրիկյանը վաճառքի է հանել ամբողջ գերդաստանին պատկանող տարածքը՝ մի քանի տներով, որոնց ընդհանուր մակերեսն անցնում է 1000 քմ-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder