Ընդերքն օգտագործելը դառնում է «թանկ հաճույք». Պետտուրքը կավելանա ավելի քան 6 անգամ
Իրավունք
16:02 29/01/2026
Հայաստան

Ընդերքն օգտագործելը դառնում է «թանկ հաճույք». Պետտուրքը կավելանա ավելի քան 6 անգամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Կառավարությունը մտադիր է արդիականացնել ընդերքօգտագործման և ջրօգտագործման թույլտվությունների համար սահմանված վճարները, որոնք մեծ մասամբ անփոփոխ են մնացել դեռևս 2011 թվականից։

Ըստ նախագծի հիմնավորման՝ գործող դրույքաչափերը վաղուց չեն համապատասխանում երկրի սոցիալ-տնտեսական իրականությանը։ Պետությունը նշում է, որ ընդերքը հանդիսանում է իր բացառիկ սեփականությունը, սակայն դրա շահագործման համար վճարվող տուրքերը «անհամաչափ ցածր են» հանրային արժեքի համեմատ։

Բացի այդ, ավելացել է պետության վարչարարական բեռը՝ վերահսկողությունը, շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները և տվյալների մշակումը պահանջում են ավելի մեծ ֆինանսական միջոցներ, քան ներկայումս հավաքագրվում է տնտեսավարողներից։

Թվեր և փոփոխություններ. Ովքե՞ր կվճարեն ավելի շատ

Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի մուտքերը հանքարդյունահանման տուրքերի գծով ավելացնել 6,1 անգամ՝ ներկայիս 552,5 մլն դրամից հասցնելով շուրջ 3,4 միլիարդ դրամի։ Panorama.amուսումնասիրել է «Պետական տուրքի մասին» օրենքով ներկայումս գործող դրույքաչափերը՝ այն համեմատելով առաջարկվող չափերի հետ։ Ներկայացնում ենք նախագծով առաջարկվող փոփոխություններով որքան կավելանա պետտուրքը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար։

Փոփոխություններն՝ ըստ ոլորտների (բազային տուրքը = 1000 դրամ).

  • Մետաղական հանքեր (ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ). Տարեկան վճարը 10,000-ապատիկից (10 մլն դրամ) դառնում է 50,000-ապատիկ (50 մլն դրամ)։

  • Շինանյութերի հումք (տուֆ, բազալտ, ավազ, երեսպատման քարեր). Տարեկան վճարը 500-ապատիկից (500 հազար դրամ) դառնում է 2500-ապատիկ (2,5 մլն դրամ)։

  • Վառելիքաէներգետիկ հումք. 50-ապատիկից (50 հազար դրամ) դառնում է 250-ապատիկ (250 հազար դրամ)։

  • Հանքային ջրեր (բուժական և ածխաթթու գազ ստանալու համար). 500-ապատիկից (500 հազար դրամ) դառնում է 2500-ապատիկ (2,5 մլն դրամ)։ Արդյունաբերական շշալցման տուրքը մնում է նույնը (5 մլն դրամ)։

  • Օբսիդիան (վանակատ). Այս ոլորտում տեղի է ունեցել դրույքաչափի նվազում. գունագեղ քարերի համար սահմանված 10,000-ապատիկի փոխարեն օբսիդիանի համար սահմանվել է 5,000-ապատիկ (5 մլն դրամ)։

  • Ջրօգտագործում (ստորերկրյա քաղցրահամ ջրեր). Իրավաբանական անձանց համար 10-ապատիկից (10 հազար դրամ) դառնում է 145-ապատիկ (145 հազար դրամ), իսկ ֆիզիկական անձանց համար՝ բազային տուրքից (1000 դրամ) դառնում է 95-ապատիկ (95 հազար դրամ)։

  • Մակերևութային ջրեր. Իրավաբանական անձանց համար տուրքը 10-ապատիկից դառնում է 75-ապատիկ (75 հազար դրամ)։ Ֆիզիկական անձանց համար գործող բազային տուրքի (1,000 դրամ) փոխարեն սահմանվում է 25-ապատիկ՝ 25,000 դրամ։

Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ սա կբերի «արդար և համաչափ փոխհատուցման»՝ պետական ռեսուրսների օգտագործման դիմաց։ Նոր եկամուտները թույլ կտան ուժեղացնել բնապահպանական վերահսկողությունը և ներդնել ժամանակակից վարչարարական մեխանիզմներ։

Սակայն տնտեսական տեսանկյունից սա նշանակում է լրացուցիչ ծախսեր բիզնեսի համար։ Հաշվի առնելով շինանյութերի և ջրային ռեսուրսների տուրքերի բազմապատիկ աճը՝ չի բացառվում, որ սա կհանգեցնի տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը, ինչը, ի վերջո, կարող է արտացոլվել վերջնական սպառողի գրպանի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder