Հայաստանում 30 համայնք հանձն է առել նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով
Տնտեսություն
17:19 29/01/2026
Հայաստան

Հայաստանում 30 համայնք հանձն է առել նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով

«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի՝ Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը միավորում է մոտ 12000 համայնք, որոնք իրականացնում են տեղական մակարդակում կլիմայական արդյունավետ քաղաքականության և ռազմավարությունների մշակումը և իրականացումը: Ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ծրագրից դուրս է մնացել Բելառուսը, լավ չեն նաև Վրաստանի գործերը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երեք տասնյակ համայնքներ միացել են ծրագրին ու քայլեր են ձեռնարկում՝ արտանետումների նվազեցման, մաքուր աղբյուրներից էներգիայի ստացման ուղղությամբ։

«Ծրագրին միացել են  Հայաստանի խոշոր համայնքները՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը և այլն։ Որոշումը կայացնում է համայնքի ավագանին, այն ստորագրում է համայնքապետը»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Հայաստանում ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը՝ նշելով, որ իրենք համայնքներին տրամադրում են խորհրդատվություն, աջակցություն։

Ծրագրի 3-րդ փուլի արդյունքները ներկայացնելով՝ փորձագետը մանրամասնեց, որ ներկայում Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որոնցից 7-ը՝ գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ, արդեն իսկ մշակել են իրենց էներգետիկ և կլիմայական ռազմավարությունները, 11-ը մեկնարկել է մշակման գործընթացը, իսկ 4-ը կմեկնարկեն մշակման գործընթացը 2026 թվականին:

Ռազմավարություններ արդեն մշակել են Գավառը, Տաշիրը, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, Ալավերդին,  Գյումրին։ Դաշնագիրը անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել տեղական մակարդակով գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը: Մասնավորապես, համայնքները պարտավորվում են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները իրենց տարածքում առնվազն 30%-ով, (հիմնականում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով), ինչպես նաև բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ հարմարվելով կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին։

«Ակնկալվում է, որ 2027 թվականին ռազմավարություններ կունենան Դաշնագրին անդամակցող համայնքների մոտ 75%-ը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է»,-ասաց փորձագետը՝ հույս հայտնելով, որ, չնայած համայնքների առաջնահերթություններում ջերմոցային գազերի նվազեցման հարցն առաջնահերթություն չէ, համայնքներն արդյունավետ կերպով կիրականացնեն ռազմավարությամբ նախատեսված քայլերն ու կհասնեն նախանշված նպատակներին։
Խարազյանն ընդգծեց, որ Հայաստանում 90-ական թվականների համեմատ արտանետումները նվազել են, սակայն դա տեղի է ունեցել արդյունաբերական ու այլ ոլորտների փլուզման և ոչ թե էներգաարդյունավետ արդյունբերության շնորհիվ։

Հայաստանում նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգման ներքո և 3 աջակից կազմակերպությունների՝  Հայաստանի համայնքների միության, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի օգնությամբ։

Նախատեսված էր, որ ծրագիրն իր աշխատանքներն ավարտելու է 2025-ի դեկտեմբերին, սակայն ԵՄ-ն որոշում է կայացրել ևս երկու տարի ֆինանսավորել այն։  Ծրագիրը 2026-2027թթ. ընթացքում իր գործողություններում կարևորելու է հետևյալ՝ արդեն գոյություն ունեցող ուղղությունները․

Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երի տեխնիկական և խորհրդատվական աջակցության տրամադրում՝ Դաշնագրի շրջանակներում իրենց հանձնառությունները արդյունավետ կատարելու նպատակով, աջակցություն համայնքներին իրենց տեղական կլիմայական և էներգետիկ ռազմավարությունների մշակման և իրականացման գործում, կարողությունների զարգացում և ուսուցում հազորդակցման, կլիմայական, էներգետիկ և ֆինանսական և այլ ոլորտներում ոլորտներում,  աջակցություն ծրագրային առաջարկների մշակման և ֆոնդահայթայթման ոլորտում, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթների շրջանակներում համայնքներում կայուն էներգիայի օրերի և իրազեկման այլ միջոցառումների կազմակերպում, համակարգում և կառավարում։

Բացի այդ, նախատեսվում են նաև նոր նախաձեռնություններ, ինչպես օրինակ, ՀԿ-ների հետ համագործակցության սերտացում՝ կարողությունների զարգացման, ինչպես նաև իրազեկման բարձրացման միջոցով, ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2026-ի կազմակերպման աշխատանքներում ներգրավում, տեխնիկական աջակցության ազգային փորձագիտական թիմերի հզորացում՝ տեղական ռազմավարությունների մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում համայնքների առավել թիրախային և արդյունավետ օգնության ապահովման համար, համայնքապետարաններում էներգետիկ և կլիմայական կառավարման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում և այլն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder