Մեր քաղաքական դաշտում դուրս տալու մոմենտը կա, տեսնում ենք. ՀՀ երկրորդ նախագահ
Քաղաքական
12:45 29/01/2026
Հայաստան

Մեր քաղաքական դաշտում դուրս տալու մոմենտը կա, տեսնում ենք. ՀՀ երկրորդ նախագահ

«Այն խոսակցությունները, որ ադրբեջանական բենզին ներմուծելու շնորհիվ բենզինի գինն իջել է, աբսուրդ է ու հիմարություն, ավելի շատ, ես սրա անունը դրել եմ քարոզչական բենզինի ներմուծում»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ նավթի միջազգային շուկայում Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, Կանադայի ու ԱՄՆ-ի կողմից զգալիորեն ավելացել են նավթի արտահանումները, ինչն իր հետ բերել է նավթամթերքի էժանացման։

«Սա ուղղակի մի այբուբեն է։ Հասկանում եմ, մեր քաղաքական դաշտում մարդն ինչ ուզում է, դուրս է տալիս, վեջը չի, թե հետո մեկը կվերլուծի, թվեր կբերի, բայց դուրս տալու մոմենտը կա, տեսնում ենք։ Եթե էժանացել է, էժանացել է այլ գործոնների հաշվին»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով նման ծավալով բենզինի ներկրումը չի կարող ազդել գնի վրա, նույնիսկ հարց է, Ադրբեջանից Հայաստան եկած վառելիքը ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։

Նրա խոսքով, Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի։ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ բարի հեքիաթ է, բայց լսել պետք չէ։

«Հիմա եթե ռուսական բենզինը ներմուծվի Ադրբեջան, այնտեղից էլ բարվի Հայաստան, ես անունը դնում եմ քարոզչական վառելիք։ Նախարարն էլ գնա սահմանին ինչ-որ պլակատներով, բանով նստեն, ինչ-որ երգեր երգեն։ Ամոթ է էլի, ամոթ է, էս ինչի՞ տեղ են դրել մեր ժողովրդին։ Մտածում են, որ ոչ մեկ չի ուսումնասիրելու, թվերին չի տիրապետում, չի հանրայնացնելու։ Շատ կներեք, ես այն ժամանակ մի անգամ զանգել եմ Հեյդար Ալիևին, ասել եմ, «Լինս»-ի հիմնադրամով ծրագիր էինք անում, ես անձամբ զանգել եմ իմ գրասենյակից, առաջարկել եմ բիտումն իրենցից առնենք։ Ասեց՝ երկու օր մտածեմ, զանգեմ։ Զանգեց, ասում է՝ ճիշտ ես ասում, բայց մեր  մոտ դա կարող է սխալ ընկալվի։ Ես որ այդ գործարքին գնամ, շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ։ Ասում է՝ տրամադրություններն այստեղ ուրիշ են, դուք հաղթած կողմ եք։ Ուզում եմ նաև, հասկանաք իմ մոտեցումը տնտեսական համագործակցության վերաբերյալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր քաղաքական դաշտում դուրս տալու մոմենտը կա, տեսնում ենք. ՀՀ երկրորդ նախագահ