Միլիարդավոր ներդրումների մասին խոսակցությունները հեքիաթ են, այդ դեպքում 42 կմ ճանապարհի ասֆալտը պետք է ոսկուց լինի. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
13:30 29/01/2026
Հայաստան

Միլիարդավոր ներդրումների մասին խոսակցությունները հեքիաթ են, այդ դեպքում 42 կմ ճանապարհի ասֆալտը պետք է ոսկուց լինի. Ռոբերտ Քոչարյան

«Խոսում են միլիարդավոր ներդրումների մասին. հասկանում եք՝ այդ հեքիաթները 42 կիլոմետրի վրա միլիարդներ ներդնելու համար այդ ասֆալտը կամ երկաթուղու ռելսերը պետք է ոսկուց լինեն»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «ԹՐԻՓ» ծրագրում ներդրումների մասին խոսակցություններին։ Նա կասկածի տակ է դնում իշխանությունների ներկայացրած տնտեսական փայլուն հեռանկարները։ 

ՀՀ երկրորդ նախագահի  հաշվարկներով՝ առավելագույնը 80-90 միլիոն դոլարի ներդրումների մասին է խոսքը, որը Հայաստանը կարող է իրականացնել սեփական միջոցներով, իսկ նման փոքր հատվածից ակնկալվող տրանզիտային եկամուտները լինելու են չնչին։ Ըստ նախկին նախագահի՝ տնտեսական իրական շահի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, եթե գործի ամբողջական շղթան՝ ներառյալ ելքերը դեպի Իրան և Ռուսաստան։

Խոսելով արտաքին ուժերի, մասնավորապես ԱՄՆ-ի հետաքրքրվածության մասին՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ վերահսկողությունը պարտադիր չէ իրականացնել զինված ուժերով։ Երբ կառավարման իրավունքը հանձնվում է մի պետության, որի հետ Հայաստանն ունի անհամաչափ հարաբերություններ, երկիրը հայտնվում է աշխարհաքաղաքական կախվածության մեջ։ 

«Հայաստանը այս ծրագրում իր 26%-ով կարող է միանալ «խուլ ու համրերի միությանը»՝ աշխարհաքաղաքական առումով»,- ասեց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը չունի տնտեսական էական կշիռ, ինչը փաստում է, որ Վաշինգտոնի շահերը բացառապես քաղաքական են։

Անդրադառնալով Արցախի թեմային և հանրային խոսույթում դրա պասիվացմանը՝ Քոչարյանը նշեց, որ այս փուլում իրատեսական է համարում հիմնականում վերադարձի իրավունքի և դրանից բխող գույքային ու նյութական հարցերի բարձրացումը։ 

«Այսօր ես իրական եմ տեսնում միայն վերադարձի իրավունքի հատվածը, բայց աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկը չգիտի, թե վաղը կամ մի տարի հետո ինչ է լինելու»,- պարզաբանեց նա։ 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների որդեգրած էսկալացիոն քաղաքականությունը կարող է հանգեցնել տարբեր սցենարների, և թեև այս պահին հնարավորությունները սահմանափակ են, ապագա վերադասավորումները կարող են ստեղծել թե՛ բարենպաստ և թե՛ անբարենպաստ իրավիճակներ, որոնց պետք է պատրաստ լինել սցենարային մակարդակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միլիարդավոր ներդրումների մասին խոսակցությունները հեքիաթ են, այդ դեպքում 42 կմ ճանապարհի ասֆալտը պետք է ոսկուց լինի. Ռոբերտ Քոչարյան