Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գրիգոր Տեր-Ղազարյանի մետաղաձուլարանում գործարանի աշխատակիցները բեռնատարներով բերված երկաթե ջարդոնների մեջ պայթուցիկներ ու հակատանկային արկեր են հայտնաբերել
Տևական ժամանակ է՝ Արարատի մարզում հայտնի «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարանի աշխատակիցները կարելի է ասել աշխատում են բավականին լարված ու պատասխանատվության բարձր զգացումով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, գործարանի հիմնադիրներն ու ղեկավար կազմը աշխատակիցների առջև թիվ 1 պահանջ են դրել, որ ցանկացած բեռնատարով եթե երկաթ է տեղափոխվում իրենց մոտ, ապա պարտադիր զննեն ոչ միայն բեռնատարը, այլ նաև բերված երկաթե ջարդոնը։
Կայքը գրում է. «Վերջին ամիսներին տոննաներով երկաթե ջարդոն է տեղափոխվել գործարան և հենց աշխատակիցների աչալուրջ գործողությունների շնորհիվ է, որ արտակարգ դեպք կամ դեպքեր տեղի չեն ունեցել, քանի որ որոշ բեռնատարների կողմից գործարան բերված երկաթե ջարդոնների մեջ աշխատակիցները հայտնաբերել են հարյուրավոր կասկածելի պայթուցիկներ, նռնակներ, հակատանկային արկեր, որոնք ճիշտ է՝ ըստ մասնագետների իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե գործարանի աշխատակիցները առանց բերված երկաթե ջարդոնները զննելու այն լցնեն հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլինի և ոչ միայն գործարանը, այլև հարակից Արարատ քաղաքի Զոդ Բանավանում, Սուրենավանում, անգամ Երասխում կզգան այդ պայթյունի հետևանքները։
Վերջին մեկ ամսվա ընթացքում այնքան շատ զինատեսակ էր հայտնաբերվել և այդ ամենը գործարանի տնօրինության ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության սակրավորների կողմից արձանագրվել է։
Հայտնաբերվածի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գործարան մտնող ամեն մի բեռնատարի շարժը նաև տեսանկարահանվում է»։

Հունվարի 28-ին «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող Արարատի մարզի «Ջի Թի Բի Սթիլ» հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարանում օրերս պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով դադարեցվել է մետաղաձուլարանի աշխատանքը. «Պարզվել է, որ գործարանին հանձնված մետաղե ջարդոնի մեջ եղել են պայթուցիկ նյութեր։ Դեպքից հետո մետաղաձուլարանի աշխատակիցները զննել են հանձնված մետաղը և հայտնաբերել հարյուրավոր կիլոգրամների պայթուցիկներ, այդ թվում՝ ականանետային արկեր։ Մեր տրամադրության տակ հայտնված լուսանկարները փաստում են այդ մասին։
«Իշխանության» տեղեկություններով՝ մինչ օրս չի հաջողվել պարզել այն քաղաքացու ինքնությունը, ով պայթուցիկ նյութերով մետաղը հանձնել է գործարան։ Ավելին՝ իրավապահ մարմինները դեպքի մասին մինչ օրս տեղեկացված չեն։«Իշխանությանը» ՆԳՆ-ից ասացին, որ դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել»։