ՀԷՑ-ի գործընթացը լուրջ ազդակ է բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենք իրենց պաշտպանված զգալու հնարավորություն չունեն. Էլինար Վարդանյան
Քաղաքական
14:56 30/01/2026
Հայաստան

ՀԷՑ-ի գործընթացը լուրջ ազդակ է բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենք իրենց պաշտպանված զգալու հնարավորություն չունեն. Էլինար Վարդանյան

«Արտաքին անվտանգության ոլորտում  կարելի է դիտարկել երեք խումբ սպառնալիքներ՝ նոր աշխարհակարգի ձևավորում, հիբրիդային պատերազմ,  ռազմատեխնոլոգիական»,- «ՀՀ-ի և  հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Ըստ նրա, նոր աշխարհակարգի ձևավորումն իր հերթին ենթադրում է  որոշակի փոփոխություններ աշխարհակարգում  և այս պարագայում փոքր պետությունները իսկապես լրջագույն  խնդրի առաջ են կանգնում, պետք է կարողանան ճիշտ դաշնակիցներ ընտրել, ճիշտ գործողություններ իրականացնել։

«Մեր պարագայում կարևոր խնդիր է գոնե ոտքի տակ չընկնել, քանի որ ունենք այնպիսի իշխանություններ, որոնք կարող են մեծ հաջողությամբ երկիրը հասցնել այն վիճակի, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում ընկնենք խոշոր պետությունների ոտքի տակ»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ հիբրիդային սպառնալիքների ծնող աղբյուներից մեկն այսօրվա իշխանություններն են։

Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը, ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ այս դեպքում էլ մի շարք ասպեկտներ  գոյություն ունեն՝  իրավական, կրթական, տնտեսական, սոցիալական։

«Այսպիսի սոցիալական անարդարության մթնոլորտ, որ առկա է Հայաստանում, երևի թե շատ վաղուց չէինք տեսել»,- ընդգծեց Էլինար Վարդանյանը։

Տնտեսական անվտանգության մասին խոսելիս՝ նա նշեց. «Երբ դու քո երկրում եղած ներդրողներին վերաբերում ես որպես հանցագործների, անմիջականորեն  ազդեցություն է  ունենում  տնտեսական անվտանգության վրա։

Նախորդ տարի  շեշտակիորեն նվազել էին ներդրումները, և ՀԷՑ-ի ողջ գործընթացը լուրջ  ազդակ է հանդիսանում բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենք իրենց պաշտպանված  զգալու  հնարավորություն չունեն»,- ասաց նա։

Ըստ նրա, նույն ներդրողը, եթե տեսնում է, թե Հայաստանում ինչ վիճակում է  գտնվում իրավական ողջ համակարգը, ապա նաև համոզված է  լինում՝ եթե իր ներդրումների  ճակատագիրը լինի այնպիսին, ինչպիսին ՀԷՑ-ի, ապա հայաստանյան իրավական  համակարգով պաշտպանության որևէ շանս չունի։

«Ցանացած  պետության անվտանգության հենասյուներից մեկը ժողովրդավարական կայուն ինստիտուտներն են։ Ինստիտուտը պետք է կայուն լինի, որպեսզի մարդը երաշխիքներ ունենա իր իրավունքների պաշտպանության առումով։

Ի՞նչ ունենք մենք։ Մեկ  անձին ծառայող իրավապահ համակարգ՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ունենք դատական համակարգ, մեծամասամբ կատարում է  նույն անձի ցանկությունները, ԲԴԽ, որը  էլի մեկ անձի կամակատարն է, դատական համակարգի համար երաշխիքներ ստեծելու փոխարեն դարձել է  մահակ դատավորների համար։

Ունենք Սահմանադրական դատարան, որից սահմանադրական որոշում ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Էլինար Վարդանյանը։

 

  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder