Գործա՞րք քաղաքապետարանի հետ, թե՞ անօրինականություն. Կառուցապատողն ավագանու ընտրություններին ՔՊ-ին գումար է նվիրաբերել
Հասարակություն
16:28 30/01/2026
Հայաստան

Գործա՞րք քաղաքապետարանի հետ, թե՞ անօրինականություն. Կառուցապատողն ավագանու ընտրություններին ՔՊ-ին գումար է նվիրաբերել

Նորաշեն 4 շենքի բնակիչները կրկին լուրջ խնդրի են բախվել։ Շենքից շուրջ 1 մետր հեռավորության վրա կառուցված մեկ այլ նորակառույց բազմաբնակարան շենքի պատուհանները, ըստ բնակիչների, բացվել են անօրինական կերպով՝ շենքի շահագործման թույլտվություն ստանալուց հետո։ 

Նորաշեն 4 շենքի բնակիչ Արաքս Մամուլյանը Panorama.amի հետ զրույցում պատմեց, որ շենքի կառուցման նախագծով այդ պատուհանները նախատեսված չեն եղել, քանի որ «Առաննա շին» ընկերությունը (սեփականատեր՝ Արմեն Ավթանդիլյան) շինությունը կառուցել է հարակից շենքերին չափազանց մոտ։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է շենքի ավարտական փուլում, երբ սկսվել է փաստաթղթավորման գործընթացը։



«2025-ի ապրիլին պետք է արդեն ավարտած լինեին շինարարությունը ու սկսվեր շահագործման թույլտվություն ստանալու գործընթացը։ Այդ փուլում ես տեղեկություն ստացա, որ շահագործման թույլտվություն չի տալիս քաղաքապետարանը, որովհետև շենքի երկու կողմում գտնվող շենքերի հարակից պատերին պատուհաններ կան, որոնք պիտի չլինեին ըստ նախագծի։ Մի քանի օր անց տեսանք՝ ստվարաթղթով փակված են պատուհանները, որոշ ժամանակ անց պատ շարեցին ու իմացանք, որ շահագործման թույլտվությունը տվել են»,- պատմեց Արաքս Մամուլյանը։

Սակայն պատմությունը սրանով չի ավարտվել։ Շահագործման թույլտվությունն ստանալուց հետո բնակիչները ականատես են եղել, թե ինչպես են շինարարները նորից քանդում նախկինում շարված պատերը։ 

«Մոտ 10 օր առաջ ինձ զանգեցին ասացին, որ պատուհանների հատվածները ամբողջությամբ բացել են։ Բնակիչները շինարարներին ասել են՝ ի՞նչ եք անում, պատասխանել են՝ մեզ ասել են քանդեք, քանդում ենք»,- մանրամասներ պատմեց Մամուլյանը։

Խնդրի առնչությամբ բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ կառուցապատողի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել։ Արաքս Մամուլյանը հարցում է ուղարկել ու փորձել պարզել՝ որքան է կազմում տուգանքի չափը և ի՞նչ ժամկետում կառուցապատողը պետք է վերացնի խախտումը։ Այնուամենայնիվ, քաղաքապետարանը չի շտապում հայտնել տուգանքի չափն ու խախտումը վերացնելու ժամկետները՝ նշելով, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է 30 օր։ 

Բնակիչը կասկածներ ունի, որ սա միտումնավոր ժամանակ ձգելու քաղաքականություն է։

 «Էդ նույն փաստաթղթի մեջ նայեք, մյուս հարցերիս պատասխաններն էլ կան, 30 օր պետք չի Ձեզ դրա համար, եթե, իհարկե, գործարքի մեջ չեք Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ին գումար նվիրած կառուցապատող Արամայիս Ավթանդիլյանի հետ և ժամանակ չեք ձգում։ Խախտումից ավելի, քան 10 օր անց պատուհանները դեռ բաց են»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Մամուլը գրել էր,  որ  «Առաննա շին» ՍՊԸ-ի սեփականատեր Ա.  Ավթանդիլյանը Երևանի ավագանու  վերջին ընտրությունների նախընտրական շրջանում դրամահավաքի ժամանակ իշխող ՔՊ կուսակցությանը կես մլն դրամ է փոխանցել։

Մամուլյանը վստահ չէ, որ անգամ վարչական վարույթը կամ հնարավոր քրեական գործը որևէ արդյունք կտա, քանի որ նախկինում նմանատիպ փորձ արդեն ունեցել են։ Նա նշեց, որ կառուցապատողը կարող է պարզապես վճարել տուգանքը և չվերացնել խախտումը։ Այս դեպքում նա ևս մեկ անգամ՝ ավելի մեծ տուգանքի կենթարկվի, դրանից հետո նոր կարող է քրեական վարույթ հարուցվել. «Բայց մենք էլ տեսել ենք, թե քրեական գործը շենքի հետ կապված ինչ ընթացք է ստանում, ու ինչքան էլ սա ևս քրեական վարույթ դառնա, վստահ եմ, որ այն կառուցապատողի համար որևէ հետևանք չի ունենալու»։

Հիշեցնենք, որ այս նորակառույցի շուրջ դժգոհությունները սկսվել են դեռ տարիներ առաջ։ Նորաշեն 4 և Մազմանյան 5/9 շենքերի բնակիչները մշտապես բողոքել են, որ բազմահարկ շենքի շինարարությունն իրականացվում է գործող նորմերի խախտմամբ։ Շենքը կառուցվել է հարևան շինությունից ընդամենը 1 մետր հեռավորության վրա, ինչի պատճառով բնակիչները զրկվել են բնական լույսից, փակվել է նրանց տեսադաշտը, իսկ նոր շենքի հիմքերը, ըստ նրանց, թուլացնում են հարակից շենքերի սեյսմակայունությունը։ Չնայած հարուցված քրեական գործերին և տեսչական մարմնի արձանագրած խախտումներին, շենքը ոչ միայն կանգուն է, այլև, փաստացի, շարունակում է շահագործվել իր կանոններով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder