Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԷՑ-ի գործընթացը լուրջ ազդակ է բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենք իրենց պաշտպանված զգալու հնարավորություն չունեն. Էլինար Վարդանյան
«Արտաքին անվտանգության ոլորտում կարելի է դիտարկել երեք խումբ սպառնալիքներ՝ նոր աշխարհակարգի ձևավորում, հիբրիդային պատերազմ, ռազմատեխնոլոգիական»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Ըստ նրա, նոր աշխարհակարգի ձևավորումն իր հերթին ենթադրում է որոշակի փոփոխություններ աշխարհակարգում և այս պարագայում փոքր պետությունները իսկապես լրջագույն խնդրի առաջ են կանգնում, պետք է կարողանան ճիշտ դաշնակիցներ ընտրել, ճիշտ գործողություններ իրականացնել։
«Մեր պարագայում կարևոր խնդիր է գոնե ոտքի տակ չընկնել, քանի որ ունենք այնպիսի իշխանություններ, որոնք կարող են մեծ հաջողությամբ երկիրը հասցնել այն վիճակի, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում ընկնենք խոշոր պետությունների ոտքի տակ»,- ասաց Վարդանյանը։
Նա նշեց, որ հիբրիդային սպառնալիքների ծնող աղբյուներից մեկն այսօրվա իշխանություններն են։
Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը, ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ այս դեպքում էլ մի շարք ասպեկտներ գոյություն ունեն՝ իրավական, կրթական, տնտեսական, սոցիալական։
«Այսպիսի սոցիալական անարդարության մթնոլորտ, որ առկա է Հայաստանում, երևի թե շատ վաղուց չէինք տեսել»,- ընդգծեց Էլինար Վարդանյանը։
Տնտեսական անվտանգության մասին խոսելիս՝ նա նշեց. «Երբ դու քո երկրում եղած ներդրողներին վերաբերում ես որպես հանցագործների, անմիջականորեն ազդեցություն է ունենում տնտեսական անվտանգության վրա։
Նախորդ տարի շեշտակիորեն նվազել էին ներդրումները, և ՀԷՑ-ի ողջ գործընթացը լուրջ ազդակ է հանդիսանում բոլոր հնարավոր ներդրողների համար, որովհետև իրենք իրենց պաշտպանված զգալու հնարավորություն չունեն»,- ասաց նա։
Ըստ նրա, նույն ներդրողը, եթե տեսնում է, թե Հայաստանում ինչ վիճակում է գտնվում իրավական ողջ համակարգը, ապա նաև համոզված է լինում՝ եթե իր ներդրումների ճակատագիրը լինի այնպիսին, ինչպիսին ՀԷՑ-ի, ապա հայաստանյան իրավական համակարգով պաշտպանության որևէ շանս չունի։
«Ցանացած պետության անվտանգության հենասյուներից մեկը ժողովրդավարական կայուն ինստիտուտներն են։ Ինստիտուտը պետք է կայուն լինի, որպեսզի մարդը երաշխիքներ ունենա իր իրավունքների պաշտպանության առումով։
Ի՞նչ ունենք մենք։ Մեկ անձին ծառայող իրավապահ համակարգ՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ունենք դատական համակարգ, մեծամասամբ կատարում է նույն անձի ցանկությունները, ԲԴԽ, որը էլի մեկ անձի կամակատարն է, դատական համակարգի համար երաշխիքներ ստեծելու փոխարեն դարձել է մահակ դատավորների համար։
Ունենք Սահմանադրական դատարան, որից սահմանադրական որոշում ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Էլինար Վարդանյանը։