Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ պարելը, կերուխումը կավարտեք, գուցե արժե մի փոքր ուշադրություն դարձնել այն առողջապահական խնդիրներին. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ուշադրություն է հրավիրում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից հրապարակած տվյալներին, որոնք վերաբերում են Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակին 2026 թ․ հունվարի 20–26-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ հրապարակված տվյալների՝ ազոտի երկօքսիդի (NO₂) պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
«Մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի (NO₂) սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումը հանդիսանում է հանրային առողջության համար էական ռիսկային գործոն։ Ազոտի երկօքսիդը դասվում է շնչուղիների քիմիական գրգռիչների շարքին և ունի գիտականորեն ապացուցված բացասական ազդեցություն շնչառական և սրտանոթային համակարգերի վրա։
Բարձր կամ երկարատև ազդեցության պայմաններում NO₂-ը նպաստում է վերին և ստորին շնչուղիների բորբոքային գործընթացների զարգացմանը, թոքերի ֆունկցիոնալ ցուցանիշների նվազմանը, բրոնխիալ ասթմայի և քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության սրացումներին, ինչպես նաև շնչառական վարակների հաճախացմանը։
Երեխաների մոտ, հաշվի առնելով շնչառական համակարգի շարունակական զարգացումը, ազոտի երկօքսիդի բարձր կոնցենտրացիան կարող է ունենալ երկարաժամկետ բացասական ազդեցություն՝ նպաստելով շնչառական հիվանդությունների ձևավորմանն ու ֆունկցիոնալ սահմանափակումների առաջացմանը։ Տարեցների և սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում արձանագրվում է սրտային բարդությունների, հեմոդինամիկ անկայունության և ընդհանուր առողջական վիճակի վատթարացման բարձր ռիսկ։
Հղիների դեպքում մթնոլորտային օդի նման մակարդակի աղտոտվածությունը կարող է ասոցացվել հղիության բարդացումների և պտղի զարգացման վրա բացասական ազդեցության հավանականության աճի հետ։
Վերոգրյալի հիման վրա ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումը պետք է դիտարկվի որպես հանրային առողջության առաջնահերթ խնդիր, որը պահանջում է մշտադիտարկման ուժեղացում, կանխարգելիչ միջոցառումների իրականացում և համապատասխան միջգերատեսչական արձագանք։
Հ․Գ․ Հարգելի Կառավարություն, երբ պարելը, կերուխումը և մյուս «հիմնական» գործերը կավարտեք, գուցե արժե մի փոքր ուշադրություն դարձնել այն առողջապահական խնդիրներին, որոնք ուղղակի ազդում են քաղաքացիների կյանքի վրա»,-գրել է նա։