Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
60 տարի է՝ այստեղ ենք ապրում, չեմ հավատում, որ մի բան կանեն. Նորագյուղի բնակիչ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի քարտեզի վրա շուտով կարող է հայտնվել միանգամայն նոր թաղամաս։ Խոսքը պատմական Նորագյուղի մասին է, որտեղ նախատեսվում է իրականացնել վերջին տասնամյակների ամենախոշոր քաղաքաշինական ծրագրերից մեկը։ Կառավարության վերջին նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց 83.9 հեկտար տարածքի վերափոխման պլանը։
Կկառուցվի շուրջ 155 բազմահարկ շենք՝ նախատեսված 65 հազար բնակչի համար, կստեղծվեն 2-ից 2.5 միլիոն քմ կառուցապատված տարածքներ և զգալի չափով կանաչ գոտիներ, ծրագրից ստացված միջոցներով կիրականացվեն հարակից նախագծեր՝ Դալմայի այգիների 250 հա տարածքի անտառապատում և Երևանյան լճի մաքրում։
Կառուցապատման գոտում հայտնված բնակիչներին քաղաքապետարանը խոստանում է փոխհատուցում՝ շուկայական արժեքից 30 տոկոս ավել գումարի տեսքով։ Սակայն, արդյո՞ք սա բավարար է նորագյուղցիներին։
Չնայած պաշտոնական լավատեսությանը, բնակչության շրջանում տրամադրությունները միանշանակ չեն։ Panorama.am-ի հետ զրույցում նորագյուղցիները կիսվել են իրենց մտահոգություններով։
«Չեմ հավատում, որովհետև 100 տարի մի 100 անգամ էլ եկել էին, այդպիսի խոսակցություններ գնացել է, բայց նույնն է մնացել։ Տները սաղ տակից ջուր է հոսում, խոնավանում է, մարդիկ վերանորոգում են, բան են սարքում, բայց էլի չեմ հավատում։ Որոշ մասը, ով որ տներ շատ է սարքել, մեծ գումար է ներդրել, նրանք համաձայն չեն, բայց ում տները որ անսարք է, նրանք համաձայն կլինեն», - ասաց թաղամասի բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակչուհի, ով արդեն կես դարից ավելի է, ինչ իր առօրյան անցկացնում է այս թաղամասի բլուրների վրա, նկարագրում է կենցաղային դժվարությունները, բայց և դժվարությամբ է պատկերացնում այստեղից հեռանալը.
«50 տարի է այդտեղ եմ ապրում, աղջիկ ջան։ Այ այն բլուրն ենք ապրում, այս վեշերով գնում ենք մինչև այնտեղ... Այս դժվարությունից կպրծնենք։ Բայց իմ տունը շատ լավ տուն է, լավ էլ վերանորոգված է։ Արդեն 60 տարի է այստեղ ենք ապրում։ Չեմ հավատում էլի, որովհետև ոչ մի բան իրականություն չի դառնում, մենակ դատարկ թղթի վրա է մնում։ Տարածքը մեծ է մեր, երբեմն մարդ չի ուզում, որ այդքան երկար տարի ապրել է, այդտեղից դուրս գա»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։