Կրիպտո-խուճապ, թե՞ նոր հնարավորություն. ի՞նչ է կատարվում շուկայում
Տնտեսություն
16:58 31/01/2026
Հայաստան

Կրիպտո-խուճապ, թե՞ նոր հնարավորություն. ի՞նչ է կատարվում շուկայում

2026 թվականի հունվարն ավարտվում է կրիպտոաշխարհի համար բավականին կտրուկ ցնցումով։ Այն լավատեսությունը, որը կար տարեսկզբին Bitcoin-ի վերաբերյալ, փոխարինվել է զգուշավորությամբ. առաջատար կրիպտոակտիվն այս պահին փորձում է ամրապնդվել $83,000-ի շեմին (այժմ 82,800 դոլար)։ 

Santiment-ի և շուկայական թարմ տվյալների համադրումը փաստում է, որ շուկան մտել է բարդ տրանսֆորմացիայի փուլ, որտեղ հուզական գործոններն ու մարդկային վարքագիծն ավելի մեծ ազդեցություն ունեն գնագոյացման վրա, քան հիմնարար ցուցանիշները։

Այս շաբաթվա ամենավտանգավոր միտումը ներդրողների վարքագծային տարբերությունն էր։ Տվյալները ցույց են տալիս, որ փոքր մանրածախ դրամապանակները՝ սովորական անհատ ներդրողները, ագրեսիվորեն գնում են ակտիվները՝ հույս ունենալով որսալ ամենաէժան ակտիվ ձեռք բերելու պահը։ Սակայն շուկայի խոշոր խաղացողները՝ «կետերը», վարվում են ճիշտ հակառակ կերպ։ Պատմականորեն սա տագնապալի ազդանշան է. երբ պրոֆեսիոնալ կապիտալը դուրս է գալիս շուկայից, իսկ գինը փորձում են պահել մանր ներդրողները, անկումը սովորաբար ավելի է խորանում՝ վկայելով այն մասին, որ շուկան դեռ չի գտել իր իրական հենարանը։

Վերջին տվյալներով՝ խոշոր կրիպտոարժույթները միաժամանակյա անկում են գրանցել․

  • Bitcoin-ը նվազել է մոտ 6 տոկոսով՝ հասնելով շուրջ 82,800 ԱՄՆ դոլարի,
  • Ethereum-ը գրանցել է ավելի քան 7 տոկոս անկում՝ մոտենալով 2,750 դոլարի սահմանին,
  • BNB-ի գինը նվազել է շուրջ 5.5 տոկոսով՝ հասնելով 835.3 դոլարի
  • Solana-ն նվազել է շուրջ 6 տոկոսով՝ հասնելով 115.4 դոլարի

Այս ամենը տեղի է ունենում համաշխարհային ֆինանսական լուրջ տատանումների ֆոնին, երբ թանկարժեք մետաղների շուկան՝ ոսկին և արծաթը, կտրուկ անկում են գրանցել՝ ընդհանուր առմամբ կորցնելով շուրջ $6 տրիլիոն կապիտալիզացիա։ Չնայած վերլուծաբանների սպասումներին, թե այդ հսկայական լիկվիդայնությունը կհոսի դեպի «թվային ոսկի», իրականությունը հակառակն է։ Մետաղների շուկայի անկայունությունը «վարակել» է նաև կրիպտոաշխարհը՝ ստիպելով ներդրողներին զգուշանալ ցանկացած տեսակի ռիսկային ակտիվից և կասկածի տակ դնել դրանց հուսալիությունը։

Ethereum-ի պարագայում պատկերն ունի որոշակի յուրահատկություն։ Չնայած այն նույնպես ենթարկվել է շուկայական ընդհանուր ճնշմանը, դրա խոշոր տիրապետողները դրսևորում են ավելի երկարաժամկետ մոտեցում։ Փոխանակ ակտիվները վաճառելու, շատերը նախընտրում են միջոցները տեղափոխել staking (կրիպտո-ավանդ)։ Այս գործընթացը զգալիորեն նվազեցնում է բորսաներում հասանելի վաճառքի առաջարկը՝ ստեղծելով յուրատեսակ «անվտանգության բարձիկ», որը թույլ է տալիս երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթին ավելի պինդ լինել ցնցումների հանդեպ։

Թեև այս պահին շուկայում սպասումները գերազանցապես վատատեսական են, Santiment-ի փորձագետները նշում են, որ հենց հանրային տրամադրության նման բացասական մակարդակն է հաճախ դառնում ուժեղ հակադարձ ազդակ։ Շուկան այժմ սպասում է մեկ վերջնական խուճապային վաճառքի, որը կմաքրի դաշտը թույլ խաղացողներից։ Միայն այդ կետից հետո հնարավոր կլինի խոսել տրենդի փոփոխության և իրական վերականգնման մասին։

Անժելա Պողոսյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder