Խոշորացում՝ ընտրություններից առաջ. Իշխանության «կադրային հաշվարկը»
Քաղաքական
14:21 31/01/2026
Հայաստան

Խոշորացում՝ ընտրություններից առաջ. Իշխանության «կադրային հաշվարկը»

Հայաստանում մեկնարկում է համայնքների խոշորացման հերթական ալիքը, որը, փորձագետների և ընդդիմադիր գործիչների համոզմամբ, ոչ թե տեղական ինքնակառավարման զարգացմանն է ուղղված, այլ նախընտրական հստակ հաշվարկներ է պարունակում։

Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատում էր այս գործընթացը՝ պնդելով, թե այն տանում է «գյուղերի ամայացման», սակայն այսօր նրա գլխավորած կառավարությունը ոչ միայն շարունակում է այդ քաղաքականությունը, այլև նոր թափ է հաղորդում դրան:

Ինչպես արդեն հայտնել ենք, շրջանառության մեջ դրված նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ «փնջերը».

  • Լոռու մարզ: Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ (20 բնակավայր):

  • Սյունիքի մարզ: Գորիս, Տաթև և Տեղ (28 բնակավայր):

  • Վայոց Ձորի մարզ: Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս (32 բնակավայր):

Սա նշանակում է, որ 80 բնակավայրեր միավորվելու են 3 խոշոր կենտրոններում։ Խոշորացմանը հաջորդելու են հերթական խորհրդարանական ընտրությունները:

Նշենք, որ խոշորացվող համայնքների թվում է Տաթև համայնքը, որտեղ համայնքապետ է ընտրվել «Շանթ» դաշինքի անդամ Սամվել Լալայանը (ավելի ուշ նա հեռացվեց դաշինքից)։ Տաթև համայնքը, ըստ նախագծի, կմիանա Գորիս և Տեղ համայնքներին, որտեղ համայնքապետեր են ընտրված իշխող ուժից։ Կան պնդումներ, որ այսպիսով իշխող ուժը փորձում է օգտագործելով մյուս երկու համայնքներում իր ընտրողների ձայները, չեզոքացնել ընդդիմադիր ուժի կողմից Տաթև համայնքում կրկին հաղթանակ տանելու հնարավորությունը։ 

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տաթևի օրինակին, նշեց, որ գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ։

«Հայաստանում հիմա ինչ կատարվում է, նամանավանդ նախընտրական փուլում, այդ ամենը կատարվում է գործող իշխանությունների վերարտադրումը ապահովելու համար։ Էջմիածնի ու Խոյ համայնքի խոշորացման օրինակը դրա վառ ապացույցն է, հենց դա է փաստարկում։ Այո, գիտեմ, որ խոսակցությունները խոշորացման հետ կապված դեռ շատ վաղուց կային, բայց ինչպես տեսնում ենք, սա տեղի է ունենում հենց ընտրություններից առաջ, անմիջապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,- նշեց Հարությունյանը։

Գործիչը շեշտեց, որ իշխող ուժը, գիտակցելով սեփական վարկանիշի անկումը, փորձում է «վերաձևել» քարտեզն այնպես, որ հնարավոր լինի ապահովել ձայների անհրաժեշտ քանակը։

«Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այլևս չունի այն քվեները, ինչ որ պետք է իշխանություն ձևավորելու համար, և գնալու է բոլոր տեսակի քայլերին՝ այդ թվում նաև խոշորացումը այդտեղ շատ նեղ օրինակ է, որպեսզի կարողանա հնարավորինս շատ ձայներ հավաքել, կոտրել ընդդիմադիր համայնքները։ Եվ գրեթե ինչ որ տեսնում ենք, բոլոր տեղերում էլ հաջողություններ է ունեցել ընդդիմադիրների դեմ. այսինքն ընդդիմադիր այդ օջախները, որոնք եղել են 21 թվականից ի վեր ձևավորված, 26-ի նախաշեմին արդեն տեսնում ենք՝ բավականին քչացել են»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով Տաթևի օրինակին՝ Հարությունյանը կասկածի տակ է դնում ծրագրի սոցիալ-տնտեսական արդյունավետությունը՝ նշելով, որ իրական խնդիրները մնում են չլուծված.

«Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հեռու են պետության զարգացումն ապահովելուց։ Նրանք տանում են երկիրը կորցելուն, էլ ուր մնաց խոսենք, որ մտածում են Տաթևը խոշորացնեն Գորիսի հետ, որպեսզի համայնքը զարգանա։ Ոչ, դա ամբողջովին իրենց իշխանությունը պահելու տրամաբանության մեջ է իրականացվում։ Համայնքներում զարգացնելու բավականին շատ միջոցներ կան՝ նախքան խոշորացման մասին մտածելը։ Համայնքները խոշորացնում են, բայց այնտեղ մարդ չի ապրում, մարդը ապագա չի տեսնում, գյուղացին ոչ աշխատանք ունի, ոչ բարեկեցություն»։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էլ 2021 թվականին մասնակցել էր Եղեգնաձորի ընտրություններում և կոալիցիա կազմելով «Բարգավաճ Հայաստանի» հետ, ընտրել Դավիթ Հարությունյանին, որն էլ դարձել է համայնքապետ։ Եղեգնաձորը ևս ներառված է խոշորացվող համայնքների ցանկում։ Այն կմիանա Եղեգիս և Արենի համայնքներին, որտեղ համայնքապետեր են ընտրվել գործող իշխանությունների ներկայացուցիչները։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը նույնպես կարծում է, որ գործընթացում բացակայում է մասնագիտական հիմնավորումը: Որպես օրինակ նա ևս հիշեցնում է Վաղարշապատի և Խոյի միավորումը, որի նպատակը, ըստ օդում կախված լուրերի, կոնկրետ անձի՝ Արգիշտի Մեխակյանի համար պաշտոն ապահովելն էր:

«Խոշորացումն ինքնին վատ բան չի, եթե կամայականորեն չի արվում։ Օրինակ՝ որևէ ողջամիտ բացատրություն չներկայացվեց, թե ինչու միավորվեցին Վաղարշապատն ու Խոյը։ Իսկ եթե ողջամիտ բացատրություն չկա, տրամաբանական է ենթադրել, որ դա արվում է քաղաքական նպատակներով, որպեսզի իրենց համար ցանկալի ընտրական արդյունք ստանան»,- նշեց Սուրենյանցը։

Նրա խոսքով, անընդհատ վերաձևումները թույլ չեն տալիս կայանալ տեղական ինքնակառավարման համակարգին, ինչը վտանգավոր է պետության համար։

«Հիմա նույն տրամաբանությունը, ըստ երևույթին, գործելու է նաև Եղեգնաձորում։ Չի կարելի շարունակ այդ խոշորացման պրոցեսի մեջ լինել. ինստիտուցիոնալ կայունությունը պետական համակարգի կայունության ամենակարևոր գրավականն է։ Եթե դու անընդհատ ցնցումների ես ենթարկում տեղական կառավարման ինստիտուտը, դա չի կարող դրական արդյունքի բերել»,- ասաց նա։

Սուրենյանցը նկատեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կիրառում է գործիքների ողջ զինանոցը՝ համայնքներում վերահսկողություն հաստատելու համար՝ կալանավորումներից մինչև քարտեզի փոփոխություն:

«Ես չեմ բացառում, որ նպատակը հենց դա է՝ ևս մեկ համայնք ՔՊ-ական դարձնելը։ Իշխանությունը տարբեր տեղերում տարբեր ձևով է հարց լուծում. մի տեղ համայնքապետ են կալանավորում, մի տեղ ավագանիների վրա են ազդում, երրորդ տեղում էլ՝ կամայական վերաձևման են ենթարկում քարտեզը։ Ազգային ժողովի ընտրությունների շեմին սա էլեկտորալ հարց լուծելու փորձ է։ Թե որքանով կհաջողեն՝ ցույց կտան տեղական ընտրությունները և այն, թե որքանով կկարողանանք դիմադրել և թույլ չտալ դա»,- եզրափակեց նա։

Թեև պաշտոնական հիմնավորումները արդյունավետ կառավարման մասին են, քաղաքական դաշտի խաղացողների համար հստակ է. սա իշխող ուժի կողմից իրականացվող վարչական ռեսուրսի վերաբաշխում է՝ նպատակ ունենալով չեզոքացնել ոչ ցանկալի համայնքապետերին և ապահովել առավելագույն ձայներ գալիք համապետական ընտրություններում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշորացում՝ ընտրություններից առաջ. Իշխանության «կադրային հաշվարկը»