Հովնան Սրբազանին քննիչն արգելել է երկրից դուրս գալ, Մակար Սրբազանի խափանման միջոցի մասին խոսելն են արգելել
Իրավունք
19:34 31/01/2026
Հայաստան

Հովնան Սրբազանին քննիչն արգելել է երկրից դուրս գալ, Մակար Սրբազանի խափանման միջոցի մասին խոսելն են արգելել

ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի խոսքով, իր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների դեմ հարուցված վարույթն ամբողջությամբ ապօրինի է։

Գործի վերաբերյալ նա մանրամասներ չհայտնեց, քանի որ կաշկանդված է նախաքննական գաղտնիքով։

«Ճիշտն ասած չեմ կարող այս մարդկանց գործողությունները գուշակել, բայց իրենցից ամեն ինչ սպասելի է»,- ասաց Հովնան Սրբազանը՝ նշելով, որ բռնաճնշումների նպատակը եկեղեցուն լռեցնելն է։

Սրբազանի փաստաբան Արմինե Ֆանյանը տեղեկացրեց, որ Սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու արգելքը, զգուշացվել են գործի նյութերը չհրապարակելու մասին։

«Կարծում եմ, բոլորիդ էլ հասկանալի է, թե ինչի մասին, ինչ դատական ակտի մասին է խոսքը։ Սա եպիսկոպոսաց ժողովը խափանելու նպատակ ունի, խոչընդոտում են եպիսկոպոսներին հատել Հայաստանի սահմանը»,-ասաց Ֆանյանը։

Ինչ վերաբերում է Մակար Սրբազանին, ապա փաստաբանն ասաց՝ զգուշացվել են նույնիսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին խոսելու անթույլատրելիության մասին։

«Քննիչը կարող է արգելել հրապարակել բացառապես այն տեղեկությունները, որը ինքը ձեռք է բերել նախաքննության կամ վարույթի ընթացքում, բայց խափանման միջոցի մասին խոսելու արգելքն ինքնին ապօրինություն է։ Դրա համար ձեռնպահ կմնամ Մակար Սրբազանի վերաբերյալ այդ մասով խոսելուց»,-ասաց փաստաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հովնան Սրբազանին քննիչն արգելել է երկրից դուրս գալ, Մակար Սրբազանի խափանման միջոցի մասին խոսելն են արգելել