Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերից մեկում զինծառայողը ցրտահարվել է, այժմ գտնվում է Վարդենիսի հոսպիտալում։ Այս մասին ահազանգում է զինծառայողի մայրը՝ տիկին Արաքսյան։
Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց՝ որդին մեկ ամիս դիրքերում է եղել, անընդհատ ձյուն են մաքրել, հունվարի 21-ին արդեն զգացել է, որ ցրտահարվել է, հունվարի 23-ին դիմել է բուժկետ, իսկ արդեն հաջորդ օրը տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։
«Վերջույթների շրջանում փուչիկներ կային, մի քիչ կապտած էր։ Ոտքերն ու ձեռքերը թմրած են, ականջներին վերքեր կան»,- ասաց տիկին Արաքսյան։
Նա մտավախություն ունի, որ կրկին դիրքեր տանելու դեպքում կարող է խնդիրներ առաջանալ։
«Դեռ ամբողջությամբ չի ապաքինվել։ Մտածում էի՝ երկար կպահեն, բայց մյուս շաբաթ դուրս կգրեն, մեկ շաբաթ կմնա զորամասում ու կրկին կանցնի իր հին ռեժիմին»,- ասաց զինորի մայրը։
Տիկին Արաքսյան խնդրանք-նամակով դիմել է պաշտպանության նախարարություն. «Նամակ եմ ուղարկել պաշտպանության նախարարություն։ Տղաս քթի և կոկորդի խնդիրներ ունի, պլանային վիրահատություն պետք է անեին։ Խնդրանքս է, վիրահատեն տղայիս, այս ցրտերին չտանեն դիրքեր»։
Նա ասաց, որ տղան արդեն 1,5 տարի ծառայում է, պարտաճանաչ ու բարեխիղճ ծառայող է։
Panorama.am-ը դիմել է պաշտպանության նախարարություն՝ մանրամասներ ստանալու ցրտահարության այս դեպքի, ինչպես նաև պարզելու՝ ձմռան ամիսներին ցրտահարության այլ դեպքեր գրանցվե՞լ են, թե՞ ոչ։ ՊՆ պատասխանը նույնպես կհրապարակենք։