Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Քաղաքական
21:26 01/02/2026
Տարածաշրջան

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ կողմերի միջև վստահության վերականգնման պայմանով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իմաստալից բանակցությունները պետք է հիմնված լինեն վստահության վրա։ Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ որպես բանակցային գործընկեր։ Մենք պետք է հաղթահարենք այս անվստահությունը։ Ներկայումս տարածաշրջանի բարեկամ երկրների միջնորդները փորձում են կառուցել այդ վստահությունը»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում և հավելել. «Դժվար է, բայց նրանք փորձում են, ուստի ես տեսնում եմ նոր բանակցությունների հնարավորություն, եթե ԱՄՆ բանակցային թիմը հետևի նախագահ Թրամփի խոսքերին՝ ըստ որի պետք է հասնել միջուկային զենքի բացակայությունը երաշխավորող արդար և հավասար համաձայնության»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը ներկայումս հաղորդագրություններ են փոխանակում միջնորդների միջոցով։ «Մենք աշխատում ենք նրանց (միջնորդների) հետ և փոխանակվում ենք հաղորդագրություններով», - հավելել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները