ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան
Քաղաքական
09:35 02/02/2026
Հայաստան

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։

Անդրադառնալով Միջին Արևելքին Հայաստանի աշխարհագրական մերձակայությանը, տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև հայկական համայնքների նշանակալի ներկայությանը՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում /UNIFIL/։ Ժ.Անանյանը նաև նկատել է, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդմամբ, ընդգծվել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը և, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը՝ շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավվելու ՀՀ պատրաստակամությունը։

Իր խոսքում, Ժ.Անանյանը նաև առանձնանշել է Հայաստանի հետևողական սատարումը բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ սիրիական առաջնորդությամբ իրականացվող հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացը կարևորագույն նշանակություն ունի երկրում տևական խաղաղություն ապահովելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան