Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անսարք ավտոբուսներ և դատական քաշքշուկներ. ինչու՞ չի լուծվում Մասիսի տրանսպորտի հարցը
Մասիս-Երևան երթուղու սպասարկման որակը վերջին շրջանում դարձել է բնակիչների հիմնական դժգոհության թեման։ Տրանսպորտային միջոցների անբավարար քանակը և տեխնիկական վիճակը հանգեցրել են նրան, որ քաղաքացիները ստիպված են լինում երկար սպասել կանգառներում, ինչն էլ իր հերթին առաջացնում է գերբեռնվածություն և անհարմարավետություն։ Սոցիալական ցանցերում օգտատերերը պարբերաբար ահազանգում են ստեղծված իրավիճակի մասին՝ նկարագրելով առօրյա դժվարությունները։
«Մասիս-Երևան երթուղին խայտառակ վիճակում է։ Երթուղուց անսարք լինելու պատճառով դուրս են մի քանի ավտոբուս։ Առավոտյան մարդիկ ուշանում են աշխատանքից ավտոբուսների ուշ-ուշ դուրս գալու պատճառով։ Ավտոբուսները լցնում են անթույլատրելի քանակի մարդ, որոշ մարդիկ օդ չլինելու պատճառով վատանում են, քանի որ պատուհաններն էլ են մեխված։ Ոչ ոք չի զբաղվում այդ հարցը կարգավորելու համար։ Ցավալի է, բայց փաստ է․․․»,- գրել է օգտատերերից մեկը։
Խնդրի տևական լուծում չստանալը ստիպում է բնակիչներին մտածել բողոքի կտրուկ միջոցների դիմելու մասին։
«Պիտի բոլորով հավաքվենք, ճանապարհ փակենք, պահանջենք անձամբ վարչապետը գա խոստանա, նոր բացենք, հերիք եղավ։ Օր, ժամ որոշենք, գործենք։ Միթե՞ այդքան ինքնասիրություն չունի մասիսցին»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները նշում են, որ հարցը բազմիցս բարձրացվել է տարբեր հարթակներում, սակայն լուծումը հաճախ կանգ է առնում վարչական կամ քաղաքական գործոնների պատճառով.
«Քաղաքապետարանը բազմիցս դիմել է Երևանի–Մասիսի տրանսպորտի հարցով, այն ժամանակներից սկսած, երբ դեռ Մասիս–Այնթապ երթուղին ընդհանրապես գոյություն չուներ։ Մարդիկ իրենցից կախված ամեն ինչ արել են, բարձրաձայնել խնդիրը, դիմել համապատասխան ատյաններին։ Սակայն անհասկանալի պատճառներով՝ ավելի լուրջ կառույցները հարցին մոտենում են ոչ թե գործնական, այլ քաղաքական դիտակետից։ Ինչևէ, այս խնդիրը, կարծես, կմնա անլուծելի այնքան ժամանակ, քանի դեռ որոշումները պայմանավորված են ոչ թե մարդկանց իրական կարիքներով, այլ այլ գործոններով»,- նշել է մեկ այլ օգտատեր։
Ներկայումս երթուղին սպասարկում է «Լիգա» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Կարինե Աբրահամյանը։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ընկերությունը փոխկապակցված է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ խնդրի լուծումը դանդաղել է իրավական վեճերի պատճառով, սակայն նոր մրցույթն արդեն հայտարարվել է։
«Տեղյակ ենք խնդրից, նախորդ օրերին կայացել է միասնական երթուղային ցանցի մրցույթը, առաջիկա օրերին մրցույթը կամփոփվի, հաղթողը սահմանված ժամկետում կներկրի ավտոբուսները և արդեն նոր փոխադրողը կիրականացնի փոխադրում։ Ժամկետը լրացել էր, մրցույթն արդեն հայտարարվել էր, սակայն դատական պրոցես էր սկսվել դրանից հետո մասնակիցների միջև։ Հիմա նոր մրցույթ է հայտարարվել»,- հայտնեցին նախարարությունից։
Panorama.am-ը փորձեց կապ հաստատել նաև Լիգա ՍՊԸ-ի հետ, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։
Թեև պաշտոնական կողմը հավաստիացնում է, որ նոր փոխադրողի ի հայտ գալով խնդիրը կստանա իր վերջնական լուծումը, Մասիսի բնակիչները շարունակում են սպասել գործնական քայլերի, որոնք թույլ կտան օգտվել անվտանգ և կանոնավոր տրանսպորտից։
Անժելա Պողոսյան