Դատարանը հստակ պատճառաբանել է. Փաստաբանը Շահրամանյանի՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի հայցի մասին
Իրավունք
12:56 02/02/2026
Հայաստան

Դատարանը հստակ պատճառաբանել է. Փաստաբանը Շահրամանյանի՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի հայցի մասին

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացրել է վճիռ  Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով։ Մամուլը հայտնում է, որ դատարանը մերժել է հայցը։

Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը Panorama.am-ին  ասաց, որ դատարանը ոչ թե մերժել է հայցը, այլ հստակ պատճառաբանել է, որի մասին մանրամասն կանդրադառնա քիչ անց։

Հիշեցնենք՝ 2025 թ.սեպտեմբերին Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արցախի նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացվել է հայց ու հայցի 
ապահովման միջնորդություն՝ նշելով, որ «Հայաստանի պատմություն» 9-րդ  դասարանի դասագրքում  տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը  ստորագրել է  Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը։

Որն է եղել պահանջը դատարանից

Դատարանին հացեագրված վերջնական հայցապահանջը և դրա հիմնավորումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է, որ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:Քննարկման առարկա դարձնելով վերը հիշատակված պատասխանատվության միջոցների ընտրության հարցը և հաշվի առնելով Հայցվորի դատական պաշտպանություն հայցելու նպատակը, կարծում ենք, որ քննարկվող պարագայում պետք է բավարարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի առաջին ենթակետով սահմանված հերքումը պահանջելով։ Վերոշարադրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի կանոններով, Դատարանին ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ Պարտավորեցնել պատասխանողներին հերքել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (․․․) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»:Որպես հերքման ձև պատասխանողներին պարտավորեցնել հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․«Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (․․․) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։Իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։ Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Ո՛չ այս հրամանագիրը և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանը հստակ պատճառաբանել է. Փաստաբանը Շահրամանյանի՝ ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի հայցի մասին