Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այդ հրամանագիրն ընդամենը տեղեկատվական հնարք էր, բնակչությանը փրկելու շարժառիթ, մենք պահանջում ենք՝ ընդամենը գրվի այն, ինչ եղել է իրականում. Շահրամանյանի փաստաբան
««Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա ընդգծեց, որ այդ տեղեկատվությունը ճիշտ չէ այնքանով, որքանով որ իրականությունը ներկայացված չէ լրիվությամբ։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ Արցախի Նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացվել է հայց ու հայցի ապահովման միջնորդություն։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում այսօր կայացավ այդ գործով դատական նիստ։
Ռ. Երիցյանը նշեց, որ չեն կարող գտնել գեթ մեկ արցախցի, ով կասի՝ Արցախից դուրս է եկել, քանի որ Արցախի նախագահը ստորագրել է լուծարելու վերաբերյալ հրամանագիր. «Արցախիցները Հայաստանում են հայտնվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով։
Նա հիշեցրեց, որ նաև ստորագրվել է այդ հրամանագիրը չեղարկելու վերաբերյալ հրամանագիր, չնայած ոչ առաջին, ոչ երկրորդ հրամանագրերը ուժ չեն ունեցել, դրանք հրամանագիր, փաստաթուղթ չեն կարող համարվել, քանի որ պաշտոնական տեղեկագրում տեղ չեն գտել։
«Մենք մեր պահանջով չենք ասում՝ հերքեք, նման բան չի եղել. ասում ենք՝ տեղեկությունը ներկայացրեք ամբողջությամբ, նշենք սպանդի շարժառիթը, նշենք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, այն չեղարկվել է»,- ասաց Ռ.Երիցյանը։
Հարցին՝ ինչո՞ւ չեն ներկայացնում այնպես, ինչպես պահանջում են, փաստաբանն ասաց. «Արցախի անկման, հայաթափման մեղքն այլ անձնաց վրա բարդելը, ուրիշ որևէ այլ միտում չկա»։
Նա ընդգծեց, որ այդ հրամանագիրը եղել է ընդամենը տեղեկատվական հնարք, բնակչության անվտանգությունն ապահովելու, բնակչությանը փրկելու շարժառիթ։
«Այսինքն մարդ անում է ամեն ինչ, որպեսզի 120 հազար բնակչության փրկի։ Որևէ մեկը կա՞, որ կասի՝ նման հրամանագիր չէի ստորագրի, նման հայտարարություն չէի տա։ Սա փրկություն էր հանուն ժողովրդի»,- ասաց Ռոման Երիցյանը՝ ընդգծելով, որ իրենք չեն ուզում հերքում, ընդամենը գրվի այն, ինչ եղել է իրականում։