«Հրապարակ». Միքայել արքեպիսկոպոսին թույլ են տվել, որ մասնակցի այս կիրակի մատուցված պատարագին
Օրվա մամուլ
08:01 03/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Միքայել արքեպիսկոպոսին թույլ են տվել, որ մասնակցի այս կիրակի մատուցված պատարագին

«Հրապարակ» թերթը գրում է.

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին հսկող կարգադրիչները վերջապես թույլ են տվել, որ մասնակցի այս կիրակի մատուցված պատարագին: Հիշեցնենք, որ սրբազանը դեռ կալանքի տակ է, սակայն մի քանի շաբաթ է՝ գտնվում է «Իզմիրլյան» կենտրոնում՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Նա մի վիրահատություն արդեն տարել է, երկրորդին է պատրաստվում: Անցած շաբաթ այդ նույն մարդիկ, սակայն, թույլ չէին տվել, որ հիվանդանոցում պատարագ մատուցվի, և սրբազանը հաղորդություն ստանա, ինչից նա շատ էր զայրացել։

Այս կիրակի պատարագը մատուցել է կենտրոնի հոգևոր տեսուչ Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Ներկա են եղել բուժանձնակազմից մի քանի հոգի, հարևան հիվանդասենյակներից որոշ բուժառուներ, Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը հորեղբոր խնամակալն է ԲԿ-ում, ինչպես նաև՝ սրբազանին այցի գնացած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատարագը մատուցվել է հիվանդանոցի միջանցքում, որին իր պալատից հետևել է նաև սրբազանը, վերջում նաև հաղորդություն է ստացել։

Մեզ պատմեցին, որ այս անգամ էլ կարգադրիչները փորձել են արգելել սրբազանին՝ պատարագի մասնակցել, հատկապես լսելով, որ պատարագի արարողակարգի մաս է կազմում հաղորդություն ստանալը։ Երբ նրանց մանրամասն բացատրել են, որ հաղորդում ստանալը «հաղորդակցվելը» չէ, ինչին նրանք դեմ են եղել, այլ անթթխմոր հացով պատրաստված նշխարը (գինու մեջ թաթախված և վրան համապատասխան աղոթք կարդալուց հետո) ճաշակելը հավատացյալների կողմից, մի կերպ համաձայնել են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder