Հղիները սպասում են, նախարարությունը՝ «համադրում». ի՞նչ է կատարվում նպաստների հետ
Քաղաքական
17:28 03/02/2026
Հայաստան

Հղիները սպասում են, նախարարությունը՝ «համադրում». ի՞նչ է կատարվում նպաստների հետ

Վերջին ամիսներին բազմաթիվ հղիներ բախվել են լուրջ խնդրի՝ հղիության և ծննդաբերության նպաստների (ֆիզարձակուրդի գումարների) վճարման տևական ուշացումների հետ կապված։ Շատերը ստիպված են լինում սպասել մեկ ամիս և ավելի, մինչդեռ նախկինում այդ գործընթացը տևում էր առավելագույնը 7-10 աշխատանքային օր։ 

Panorama.am-ին դիմած քաղաքացիներից մեկը, ցանկանալով անանուն մնալ, նշեց, որ ֆիզարձակուրդի գումարը ստացել է միայն ծննդաբերությունից հետո. 

«Նախկինում, երբ գործատուս էր վճարում այդ գումարը, առաջին, երկրորդ երեխաներիս ունենալուց ստացել եմ մեկ շաբաթվա ընթացքում։ Երրորդ երեխայիս ժամանակ անընդհատ զանգում էի,  իմանայի՝ երբ եմ ստանալու։ Հոկտեմբերին պետք է ստանայի։ Չեմ կարողացել երեխայիս համար անհատական խնամքի պարագաներ գնել։ Այնքան ձգձգեցին, կեսարյան հատումով ծննդաբերել եմ, նոր դրանից հետո ստացել գումարը»,- պատմեց մեր զրուցակիցը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Panorama.am-ի հետ զրույցում ընդունեց, որ նման խնդիր կա, սակայն, ըստ պետական կառույցի,  այդ դեպքերն այժմ կրում են անհատական բնույթ, և դրանց քանակը նվազել է։

Գերատեսչությունից ասացին՝ ուշացումները պայմանավորված են նոր համակարգի ներդրմամբ, այս փուլում առաջանում են տարբեր գերատեսչությունների տվյալների համադրման տեխնիկական խնդիրներ։ 

«Ամենասկզբում մենք ավելի շատ դեպքեր ունեինք, երբ անհատապես դիմում էին մեզ այդ խնդրով, հիմա քչացել են, մի քանի տասնյակի մասին է խոսքը։ Համակարգը գործում է, բայց այս նոր համակարգի ներդրման փուլում հնարավոր է լինեն տարբեր գերատեսչությունների տվյալների համադրման խնդիրներ։ Սրանք լուծելու համար հիմա մենք աշխատում ենք, մեծ մասը լուծված է, որն էլ լուծված չէ, լուծման փուլում է»,- նշեցին  նախարարությունից։

Չնայած պաշտոնական կողմի հավաստիացումներին, խնդրի առանցքը մնում է Պետական եկամուտների կոմիտեի և Միասնական սոցիալական ծառայության տվյալների բազաների միջև «թվային անհամապատասխանությունը»։ Շատ դեպքերում, երբ գործատուն ժամանակին ներկայացնում է անհրաժեշտ հաշվետվությունները, համակարգը տեխնիկական պատճառներով չի «տեսնում» դրանք, ինչի հետևանքով վճարումը ավտոմատ կերպով սառեցվում է։

Այս իրավիճակում շահառուները հաճախ հայտնվում են բյուրոկրատական քաշքշուկի մեջ՝ ստիպված լինելով անձամբ զանգահարել կամ այցելել տարբեր ատյաններ։ Թեև նախարարությունը նշում է ընդամենը «մի քանի տասնյակ» դեպքերի մասին, իրական պատկերը կարող է ավելի լայն լինել, քանի որ պաշտոնական վիճակագրության մեջ սովորաբար հայտնվում են միայն այն քաղաքացիները, ովքեր բարձրաձայնել են խնդիրը։ 

Հարց է առաջանում, թե ինչու թվային համակարգերի կատարելագործման գործընթացը պետք է տեղի ունենա հղիների սոցիալական երաշխիքների հաշվին՝ նրանց զրկելով կենսական նշանակություն ունեցող միջոցներից հենց նախածննդյան շրջանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder