Նարեկ Կարապետյան. Ուրիշ նպատակ, մոտիվացիա, քան մեր երկիրը դեպի լավը փոխելու, մենք չունենք
Քաղաքական
16:26 03/02/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյան. Ուրիշ նպատակ, մոտիվացիա, քան մեր երկիրը դեպի լավը փոխելու, մենք չունենք

«Տաշիրի Արենա»-ում կայացել է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ։ Երևանցիները հնարավորություն են ունեցել անկաշկանդ մթնոլորտում ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ծանոթանալ Սամվել Կարապետյանի ծրագրերին ու առաջիկա անելիքներին։

Մասնավորապես, երևանցիներին է ներկայացվել «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը։ Ներկաները Նարեկ Կարապետյանին ու թիմի մյուս անդամներին հարցեր են ուղղել ոչ միայն տնտեսական ծրագրի, այլև իրենց հետաքրքրող այլ ոլորտների վերաբերյալ։

Քաղաքացիներից մեկը հարցրեց՝ արժե՞ Սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավվել «Մեր ձևով»-ի ծրագրերի իրականացման գործում։

«Պատկերացրեք մի ազգ, որ իր 60 տոկոսին չի ներգրավում պրոցեսների մեջ։ Հայ ժողովուրդը, տարբեր տվյալներով, 7-8 մլն է, բայց Հայաստանում ապրում է 3 մլնը»,-արձագանքեց Նարեկ Կարապետյանը։

Նա հիշատակեց հայազգի լորդ Արա Դարզիի անունը, որը համարվում է Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի ստեղծողը։

«Մեր օրենքներով նա իրավուքն չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանալ։ Սա ի՞նչ է նշանակում, որ մենք Սփյուռքի լավագույն համալսարաններում սովորած մասնագետներին չենք  կարողանում ներգրավել իրենց հայրենիքին ծառայելու գործին, օրենքով սահմանափակված են։ Այսինքն, մենք կարող ենք ունենալ առողջապահության նախարար, որ այդ ոլորտի հետ նոր է կապեր հաստատել, բայց Արա Դարզիի նման մասնագետը չի կարող լինել նախարար։ Այսպիսի օրինակաները հարյուրավոր են»,-ասաց նա։

Ն. Կարապետյանն ընդգծեց, որ առկա օրենսդրական սահմանափակումների հետևանքով սփյուռքահայերին մի բան է մնում անել. «Մարդիկ գան, Արարատին նայեն ու գնան, որևէ անելու բան չունեն»։

Հարցի տնտեսական կողմին անդրադառնալով՝ «Մեր ձևով» շարժման համակարգողն ասաց, եթե սփյուռքահայերը Հայաստանում պաշտպանված զգացին, ապա մեր երկրի պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի մեր հայրենակիցների հաշվին։

Հանդիպման մասնակիցներից մեկն էլ ցանկացավ իմանալ էներգետիկ ոլորտում կառավարման մեծ փորձ ունեցող Կարապետյանի կարծիքը աղբից էլեկտրաէներգիա ստանալու մասին։

«Շատ լավ միտք է։ Երկու տեսակետից է լավ միտք. Նուբարաշենի աղբավայրը Երևանի աղտոտված օդի հիմնական պատճառներից է, երկու օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք։ Իրենք ասացին, որ օնկո հիվանդութունների թիվը 7 տարում  աճել է 20 տոկոսով միայն այն պատճառով, որ Երևանում օդը աղտոտված է։ Ձեր ասած տարբերակի դեպքում մենք կկարողանանք լուծել այդ հարցը»,-արձագանքեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder