Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետական հատվածում աշխատավարձերի աճի տեմպը գերազանցել է մասնավորին. Որքա՞ն է կազմել միջին աշխատավարձը
Հայաստանի աշխատաշուկայում 2025 թվականն աչքի է ընկել անվանական աշխատավարձերի կայուն աճով, սակայն տարեվերջյան վիճակագրական տվյալները բացահայտում են ուշագրավ անոմալիաներ և նոր միտումներ, հատկապես պետական համակարգում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ միջին ամսական անվանական աշխատավարձը 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 303,140 դրամ, ինչը 5.6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (287,172 դրամ)։ Սակայն այս ընդհանուր աճի ֆոնին առանձնահատուկ ուշադրության է արժանի դեկտեմբեր ամսվա կտրուկ թռիչքը, երբ միջին աշխատավարձը հասել է 376,743 դրամի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 353,769 դրամի դիմաց։
Այս վիճակագրության մեջ ամենաէական փոփոխությունը պետական և մասնավոր հատվածների աճի տեմպերի հարաբերակցությունն է։ Եթե նախորդ տարիներին մասնավոր հատվածը միշտ առաջատար էր աշխատավարձերի աճի արագությամբ, ապա 2025-ին պատկերը փոխվել է. պետական հատվածում աշխատավարձը սկսել է ավելի արագ աճել (6.5%), քան ոչ պետականում (5.1%)։ Սա նոր միտում է, որը վկայում է պետական բյուջեի հաշվին եկամուտների վերաբաշխման տեմպերի արագացման մասին։
Այս միտումն առավել ցայտուն է արտահայտված դեկտեմբերյան ցուցանիշներում։ Եթե 2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական համակարգի միջին աշխատավարձը կազմել է 239,369 դրամ, ապա միայն դեկտեմբերին այն գրանցել է աննախադեպ աճ՝ հասնելով 358,602 դրամի։
Նման կտրուկ շեղումը տրամաբանական կապ ունի 2026 թ. հունվարի 14-ին հրապարակված այն տեղեկատվության հետ, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել պաշտոնյաների պարգևավճարների համար։ Այս հատկացումների արդյունքում նախարարների պարգևավճարները հասել են մինչև 6-7 մլն դրամի, ինչն էլ ուղղակիորեն արտացոլվել է պետական հատվածի տարեկան աճի տեմպերի վրա։
Ի տարբերություն պետական համակարգի, ոչ պետական հատվածում աճն ավելի հավասարաչափ է բաշխված։ Մասնավոր հատվածում 2025-ի տարեկան միջին աշխատավարձը կազմել է 327,604 դրամ, իսկ դեկտեմբերին այն հասել է 383,610 դրամի։ Ստորև ներկայացված աղյուսակը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է պետական հատվածը սկսել «հասնել» մասնավորին աճի տոկոսային հարաբերակցությամբ.

Կարող ենք արձանագրել, որ 2025-ին Հայաստանում տեղի է ունեցել տնտեսական միտումների շրջադարձ. պետական հատվածի աշխատավարձերի աճը գերազանցել է մասնավորին։ Թեև սա արտացոլվում է որպես դրական վիճակագրություն, պետք է հաշվի առնել, որ այդ «առաջանցիկ» աճի զգալի մասը գոյացել է տարեվերջյան խոշոր պարգևատրումների հաշվին, ինչը 3 միլիարդ դրամի հատկացման տեսքով ուղղվել է բարձրաստիճան պաշտոնյաներին։
Անժելա Պողոսյան