Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի Ազգային պատկերասրահը փոխել է իր կոնցեպտուալ միտումը. Տնօրեն
Հայաստանի Ազգային պատկերասրահը վերջին 5 տարիներին վերանորոգման փուլում էր գտնվել։ Այժմ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։
«Խոսքը պարզապես պատերի մասին չէ, այլ ցուցանմուշների պահպանության, անվտանգության, նոր ցուցադրատարածքի ձևավորման, ջերմախոնավային, օդափոխության համակարգերի ներդրման»,- ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Նա նշեց, որ թանգարանի համար կարևոր է հանրահռչակումը, բայց առաջնահերթ ֆունկցիան մշակութային ժառանգության պահպանությունն է. «Ջերմախոնավային պայմանների փոփոխության շնորհիվ կարող ենք վստահորեն ասել, որ մեր մշտական ցուցադրության նմուշները լիարժեք ապահոված են»։

Վերանորոգման ընթացքում փակվել են նաև Ազգային պատկերասրահի մեծ պատուհանները։
«Իհարկե, գեղեցիկ, լուսավոր միջավայր էին ապահովում պատուհանները, սակայն ներթափանցող ուլտրամանուշակագույն ճառագայթներն աղետալի էին նկարների համար»,- ասաց Մ. Հակոբյանը։
Ցուցասրահները տարբեր գույների են։ Նա նշեց, որ սրահների գունային լուծումների համար ամիսներ շարունակ ուսումնասիրել են միջազգային փորձը, լուրջ արվետաբանական, հետազոտական վերլուծություն իրականացրել, որպեսզի ընտրվեր ճիշտ գունային սպեկտորը։
Ազգային պատկերասրահի տնօրենը հայտնեց, որ թանգարանը փոխել է կոնցեպտուալ միտումը։
«Մեր նախկին ցուցադրությունը, որն այդ ժամանակվա համար տեղին էր, բաժանված էր հայկական, ռուսական, եվրոպական բաժինների։ Այսօր դա արդիական չէր։ Այսօրվա էքսպոզիցիան միտված է հիմնականում հայկական կերպարվեստի միջազգային դիրքավորման վրա։ Մեր նոր հայեցակարգով հայկական կերպարվեստը ներկայանում է համաշխարհային կերպարվեստի լիիրավ բաժին։
Ցուցադրությունը գնում է հիմնականում ժամանակագրորեն դասավորված ուղղություններով, որը շատ կարևոր է։ Այցելուն ծանոթանում է ոչ միայն խոշոր արվեստագետների աշխատանքներին, այլ ողջ համաշխարհային կերպարվեստի զարգացմանը և թե ինչ տեղ ունի այդ ամենի մեջ հայկական կերպարվեստը»,- ասաց Մ. Հակոբյանը։

Ի դեպ, նկարներ են կախված նաև պատերասրահի սանհանգույցներում։
«Ուսումնասիրել ենք միջազգային փորձը։ Սանհանգույցներում կախված են պատկերասրահի ցուահանդեսերի գովազդային պաստառները»,- ասաց պատկերասրահի տնօրենը։
Նա նշեց, որ մշտական ցուցադրական տարածքի սակավության պատճառով ցուցադրության է ներկայացվում պատկերասրահի հարստության շուրջ 5 տոկոսը։ Վերանորոգումից հետո հնարավոր է եղել ևս 400 ցուցանմուշ ներառել մշտական ցուցադրությունում։
Մարինե Հակոբյանը նաև հայտնեց, որ վերջին հինգ տարիներին վերանորոգվել է պատկերասրահի 1700 ցուցանմուշ, ինչը բավականին լավ ցուցանիշ է։