Հայաստանին խոշոր ատոմակայան պետք չէ. Բորիս Մարցինկևիչ
Քաղաքական
17:20 04/02/2026
Տարածաշրջան

Հայաստանին խոշոր ատոմակայան պետք չէ. Բորիս Մարցինկևիչ

Հայաստանի էներգետիկ համակարգի համար պետք է ընտրվի այն տարբերակը, որն առավել արդյունավետ կլինի միասնական ցանցի համար։ Այս մասին այսօր ասաց «Գեոէներգետիկա Ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը Մոսկվա-Երևան-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակամրջի ժամանակ՝ անդրադառնալով անդրադարձել է Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային և փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հեռանկարներին։

Փորձագետն ընդգծեց, որ էներգետիկ զարգացման ուղին ընտրելու հարցում որոշումը պետք է կայացնի բացառապես պաշտոնական Երևանը՝ ելնելով սեփական կարիքներից։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ փոքր ռեակտորների շուրջ ընթացող բանակցությունները՝ Մարցինկևիչը նկատեց, որ թեև աշխարհում կա նմանատիպ ավելի քան 80 նախագիծ, սակայն իրականացվածները եզակի են։

Խոսելով ռուսական տեխնոլոգիաների առավելությունների մասին՝ նա մատնանշեց, որ Ռուսաստանն արդեն ունի գործող և փորձարկված մոդելներ, որոնք կիրառվում են ինչպես լողացող կայաններում, այնպես էլ ցամաքային նախագծերում։ «Ռիտմ-200» ռեակտորի օրինակով նա նշեց, որ դրա հուսալիությունն ու դիմացկունությունը կարող են լուծում լինել նաև Հայաստանի պես բարդ պայմաններ ունեցող երկրի համար։ 

«Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա սա, իհարկե, սեյսմիկ վտանգավոր տարածաշրջան է, և պետական կարգավորողի համապատասխան պահանջները պարտադիր կլինեն։ Բայց հաշվի առնելով, որ «Ռիտմ-200»-ը նախագծվել է Հյուսիսային ծովային ճանապարհի պայմաններում աշխատելու համար՝ սառցային հարվածների և հզորության տարբեր ռեժիմների պարագայում, ես կարծում եմ, որ խնդիրներ չեն լինի»,- ասաց փորձագետը։

Մարցինկևիչը նաև զուգահեռներ անցկացրեց այլ երկրների փորձի հետ՝ նշելով, որ Ուզբեկստանն արդեն ընտրել է ռուսական նախագիծը՝ տեղում ծանոթանալով արտադրական պրոցեսներին։ Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն ունի հստակ տեխնիկական առավելություններ, քանի որ արտադրությունը դրված է հոսքագծի վրա։ Անդրադառնալով այլընտրանքային առաջարկներին՝ նա թերահավատություն հայտնեց արևմտյան տեխնոլոգիաների հասանելիության հարցում։ 

«Աշխատանքը Միացյալ Նահանգների հետ անհնար է, նրանց մոտ օրենսդրորեն դա պարզապես արգելված է։ Չինաստանը խոստանում է տիրապետել տեխնոլոգիաներին, դեկտեմբերին պետք է գործարկվեր առաջին փորձնական-արտադրական գիծը, բայց առայժմ բաց մամուլում չեմ տեսել՝ ստացվե՞լ է նրանց մոտ, թե՞ ոչ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ Հայաստանի պարագայում խոշոր ատոմակայանի կառուցումն այս պահին անհրաժեշտություն չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder