Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանությունը, որը առ այսօր աչքի է ընկել միայն խոշոր ներդրումային ծրագրեր ձախողելով, խոսում է «միլիարդավոր դոլարների» ներդրումների մասին. Քաղաքական վերլուծաբան
«Պատահաբար լսեցի, թե ինչպես է պատգամավորներից մեկը Հանրայինի եթերում առանց ունքն անգամ շարժելու հայտարարում, թե միլիարդավոր դոլարների ամերիկյան ներդրումներ են գալու եւ ծաղկեցնելու են Սյունիքը՝ Թրամպի ուղու համատեքստում: Դժվար է պատկերացնել տնտեսական ու քաղաքական առումով համարժեքությունից զուրկ, իրականությունից կտրված, կամ պարզապես մարդկային առումով՝ ամոթից զուրկ արտահայտություն»,-արձագանքելով իշխանական պատգամաավորի հայտարարությանը՝ գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա մի շարք հարցեր է հնչեցնում՝ ովքե՞ր պետք է անեն այդ ներդրումները: Ամերիկացի գործարարնե՞րը: Դուք տեսե՞լ, լսե՞լ եք ամերիկացի որեւէ մի ներդրողի, որը թեկուզ ցանկության կամ նախնական հետաքրքրության մակարդակով որեւէ կերպ արտահայտվել է Սյունիքում միլիարդների ներդրում անելու մտադրության մասին, կամ նույնիսկ հարյուրավոր, կամ թեկուզ տասնյակ միլիոնների ներդրում անելու մտադրության մասին:
«Թրամփի ուղին ԱՄՆ համար իհարկե տակտիկական խաղաքարտ է, որի հարցում բնականաբար առաջնորդվելու են շատ պարզ, հատկապես Թրամպին բնորոշ գործարար տրամաբանությամբ՝ հնարավորինս քիչ ծախս, հնարավորինս մեծ շահույթ:
Իշխանությունը, որը առ այսօր աչքի է ընկել միայն խոշոր ներդրումային ծրագրեր ձախողելով, խոսում է «միլիարդավոր դոլարների» ներդրումների մասին, ապավինելով հանրության քաղաքական ու տնտեսական անգրագիտությանը:
Պետք է բարձր գնահատել Հայաստանում արվող ամենափոքր ներդրումն անգամ: Պետք է ողջունել երկրում արտաքին ուղղակի ներդրումների հոսքի ամենաբարակ շիթն անգամ: Բայց չպետք է կտրվել իրականությունից, կերակրվել միլիարդների հեքիաթներով, երբ դրանց մասին խոսող կառավարող ուժը ի վիճակի չի եղել պատասխանատու գործընկեր լինել անգամ տասնյակ միլիոնների մասշտաբ ունեցող բիզնես ծրագրերում:
Դրա վառ վկայությունը Ֆլայ Արնա ավիաընկերության ձախողված ծրագիրը, որը իրականացվում էր Էյր Արաբիա հեղինակավոր ավիափոխադրողի հետ: Արաբ ներդրողները այսօր պահանջներ ունեն Հայաստանի կառավարությունից՝ պայմանավորվածությունների կատարման հարցում անպատասխանատվության առնչությամբ:
Մեկ այլ խոշոր ծրագիր պետք է լիներ Էմիրությունների խոշոր ընկերություններից մեկի՝ Մասդարի հետ, Հայաստանում արեւային խոշոր կայաններ կառուցելու համար: Միջազգային խոշոր ներդրողի հետ արեւային կայանների այդ ծրագիրը կարելի է համարել սառույցին գրված: Իսկ Ադրբեջանը, ի դեպ, ավելի ուշ սկսելով պայմանավորվածությունը նույն Մասդարի հետ, այսօր իրականացնում է շատ ավելի խոշոր ծրագիր:
Սա է իրական պատկերը՝ միլիարդների մասին հեքիաթների ֆոնին»,-գրում է նա։