Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դոմինգո Հինդոյանը կիսվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնում իր առաջիկա ծրագրով
Վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը դեռևս նախորդ տարվա կեսերին նշանակվել էր Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն։ Նա կիսվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնում իր առաջին եթերաշրջանի՝ 2026/27 ծրագրով։
«Ես ոգևորված և հպարտ եմ կիսվել Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնում իմ առաջին եթերաշրջանի ծրագրով. «Կարմեն», «Կանդիդ», «Նաբուկո», «Տուրանդոտ», «Ֆիգարոյի ամուսնությունը» և մի քանի հետաքրքիր համերգներ։ Սա հակադրություններով լի եթերաշրջան է, որը արտացոլում է այս արտասովոր թատրոնի լայնախոհությունն ու կենսունակությունը:
Ես անհամբեր սպասում եմ Լոս Անջելես վերադառնալուն՝ իմ սրտին մոտ երկու ստեղծագործությունների՝ «Կարմեն» և «Նաբուկո» ներկայացման համար»,- գրել է նա։

Հինդոյանի 5-ամյա աշխատանքային պայմանագիր է կնքել Լոս Անջելեսի օպերային թատրոնի հետ։
Դոմինգոն ծնվել է 1980 թվականին Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Նրա հայրը հայտնի ջութակահար և Վենեսուելայի Օրկեստրա Սիմֆոնիկայի նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է։ Մայրը՝ Վենեսուելայի Ազգային խորհրդարանի իրավաբան, հայուհի Վիկի Հինդոյանը։ Դոմինգո Հինդոյանը հարցազրույցներում հաճախ է պատմում իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ մայրը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում՝ հայկական ընտանիքում:
Դոմինգոն ստացել է և ջութակահարի, և նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնևում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ Դոմինգո Հինդոյանը աշխատել է Բեռլինի Deutsche Staatsoper նվագախմբում, 2018-ին դարձել Մետրոպոլիտեն Օպերայի նվագախմբի ղեկավարը։ 2019-ին հրավիրվել է Մեծ Բրիտանիա՝ ղեկավարելու Լիվերպուլի թագավորական նվագախումբը, զուգահեռաբար նաև Լեհաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:

