Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերադարձը դարձնում ենք գործարքի առանձին տեսակ. Գործադիրի փոփոխությունները՝ ԱՁ-ների համար
Հայաստանում բիզնեսի, հատկապես անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) համար հարկային հաշվառումն էապես կպարզեցվի, իսկ հաշվետվությունների ճշգրտման գործընթացը կդառնա ավելի նվազ ռիսկային։ Կառավարության հերթական նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը՝ նշելով, որ նախագծով լուծվում են «գործնականում հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները»։
Նրա խոսքով՝ նախագծով կարևոր լուծում է տրվում ոչ ռեզիդենտներից, օրինակ՝ Google-ից կամ Facebook-ից օնլայն ծառայություններ գնող ԱՁ-ների խնդրին։ Ներկայումս շրջանառության հարկով հարկվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ները նման գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորությունները կատարում են բարդ, ամսական ընթացակարգով։
«Մենք առաջարկում ենք միասնականացնել այս բոլոր կարգավորումները և եռամսյակային տրամաբանությամբ էլեկտրոնային հարթակով հնարավորություն տալ իրենց ԱԱՀ-ի պարտավորությունները անել»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը։
Փոփոխություններով պարզեցվում է նաև առևտրով զբաղվող ԱՁ-ների գործը՝ ՀԴՄ կտրոններով ձեռքբերված ապրանքների վերադարձի մասով։ Եթե նախկինում գնորդի կողմից ապրանքի վերադարձի դեպքում տնտեսվարողը ստիպված էր «հետ գնալ» և ճշգրտել նախորդ ժամանակաշրջանի հաշվետվությունը, ապա այժմ ճշգրտումը թույլ կտրվի անել հենց վերադարձի ամսում։
«Վերադարձը դարձնում ենք գործարքի առանձին տեսակ՝ վաճառքից առանձին։ Դա հնարավորություն է տալիս խուսափել համապատասխան տույժերի հաշվարկից և ի օգուտ բիզնեսի է»,- շեշտեց Էդվարդ Հակոբյանը։
Առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել այն ԱՁ-ներին, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց զուգահեռ ունեն այլ գործունեություն։ Այսուհետ նրանք ստիպված չեն լինի մի փոքր զուգահեռ գործունեության պատճառով ամբողջությամբ անցնել ԱԱՀ-ի դաշտ․ «Գյուղատնտեսության արտադրության մասը ԱԱՀ-ի վճարման ենթակա չի լինում, իսկ մյուս մասը լինում է, և շեմը պահպանվում է 115 միլիոն»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ իր հերթին կարևորեց՝ թվայնացման վերջնանպատակը պետք է լինի հաշվետվությունների 100% ինքնաշխատ լրացումը, որպեսզի ԱՁ-ն կամ ընկերությունը ստիպված չլինեն ժամանակ ծախսել թղթաբանության վրա։
«Եթե մենք հստակեցնում ենք կանոնները և ինտեգրում ենք թվային միջավայրում, էլ անելիք չի մնում հարկ վճարողի համար, մնում է միայն վերջում հաստատել»,- ընդգծեց փոխվարչապետը։
Ի պատասխան՝ Էդվարդ Հակոբյանը հավելեց, որ իրենց թիրախը հենց դա է։
«Երկու քայլով՝ պարզեցնել, թվայնացնել և մոտեցնել հաշվապահական հաշվառմանը․ դա հնարավորություն կտա հասնել այդ 1%-անոց սխալին, որն էլ իրականության մեջ, ըստ էության, սխալ չէ»,- արձագանքեց ՊԵԿ նախագահը։