«Ժողովուրդ». Իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն ՊԵԿ-ում կամ քրեական վարույթ կա՞ 2 տոննա ոսկյա ձուլակտորների ներմուծման վերաբերյալ
Օրվա մամուլ
08:36 05/02/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն ՊԵԿ-ում կամ քրեական վարույթ կա՞ 2 տոննա ոսկյա ձուլակտորների ներմուծման վերաբերյալ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք ունեն հանրային նշանակություն և հնարավոր քրեաիրավական բաղադրիչ։

Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր տեղեկություններ այն մասին, որ 2025 թ. հոկտեմբերի 9-ին, վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ, ՊԵԿ ներսում գործող «WhatsApp» ծառայողական խմբում տրվել է ցուցում՝ Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) թվերը չնկարելու վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2025թ. հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության կողմից ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա առկա սերիական համարները, արտադրող երկրի տվյալներն ու քաշը լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել, ինչի փոխարեն նկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ տվյալները տեսանելի չեն։

«Ժողովուրդ»-ը նաև պաշտոնական հարցմամբ դիմել էր համապատասխան մարմիններին՝ պարզելու՝ իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն կամ քրեական վարույթ, պահպանվե՞լ են արդյոք ոսկու պարտադիր նույնականացման կարգավորումները, ստուգվե՞լ են ներմուծված ձուլակտորների մաքսային ձևակերպումները, տրվե՞լ է արդյոք իրավական գնահատական Ռաֆայել Զաքարյանի գործողություններին։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին ժլատ պատասխան են տվել. նշված հանգամանքների կապակցությամբ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder