Ադրբեջանական կողմը դեռևս չի օգտվում Հայաստանի տարածքից ապրանքներ տեղափոխելու հնարավորությունից. Պապոյան
Քաղաքական
16:53 06/02/2026
Հայաստան

Ադրբեջանական կողմը դեռևս չի օգտվում Հայաստանի տարածքից ապրանքներ տեղափոխելու հնարավորությունից. Պապոյան

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն փոխանակվել են այն ապրանքների ցանկերով, որոնք կարող են հայտնվել միմյանց շուկաներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի պաշտոն զբաղեցնողը շեշտեց, որ իրավիճակի փոփոխությունն ակնհայտ է՝ համեմատած նախորդ տարիների հետ, երբ օրակարգում միայն անվտանգային հարցերն էին։

«Ամենամեծ արդյունքն այն  է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է զրոյի, այն ինչ երկու տարի առաջ դա շատ բարձր էր։ Ես շատ լավ հիշում եմ երկու տարի առաջ... հիմնական խոսակցությունը նրա մասին էր, թե կլինի օրինակ նոր հարձակում, թե չի լինի, իսկ հիմա հիմնական խոսակցությունը նրա մասին է, որ ինչ ապրանք հնարավոր է վաճառել կամ չվաճառել... Ես կարծում եմ պատերազմից խաղաղության խոսկցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է»,– նշեց Պապոյանը։

Լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք գեթ մեկ հայկական ապրանք, որն արտահանվել է Ադրբեջան, Պապոյանը պարզաբանեց, որ դեռևս առկա է միայն ադրբեջանական վառելիքի մուտքը Հայաստան, սակայն աշխատանքներ տարվում են։

«Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, ըստ էության, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով և գործարար միջավայրը... իրենք են մեզ երկար ցանկ տվել և մենք իրենց»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, և մասնավոր հատվածին ժամանակ է պետք արձագանքելու համար։

Պապոյանի պարզաբանմամբ՝ պետությունը ստեղծում է քաղաքական պայմանները, բայց տնտեսական իրական կապերի համար անհրաժեշտ է ենթակառուցվածքների ամբողջական գործարկում։

«Պետությունը ստեղծում է պայման քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով... Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չի, օրինակ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա մի քանի տարի անց»,-ասավ նա։

Գ. Պապոյանը  նաև հավելեց, որ թեև ճանապարհները բաց են, ադրբեջանական կողմը դեռևս չի օգտվում Հայաստանի տարածքից ապրանքներ տեղափոխելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder