Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կենտրոնում և Արաբկիրում բնակարաններն էժանացել են. Ինչ պատկեր է անշարժ գույքի շուկայում
2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների ակտիվություն է նկատվել։ Ըստ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների՝ մայրաքաղաքում ընդհանուր անշարժ գույքի առուվաճառքի ծավալները ցույց են տալիս զգալի թռիչք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Panorama.am-ը ներկայացնում է հանրապետությունում անշարժ գույքի գործարքների վերլուծությունը՝ հիմնվելով Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների վրա։
Այսպես. Երևանում անշարժ գույքի գործարքների քանակն աճել է 26.4%-ով, սակայն շուկայի հիմնական շարժիչ ուժը եղել են հենց բնակարանները։ Բազմաբնակարան շենքերի բնակարանների մասով առուվաճառքի աճը կազմել է 38.8% (ընդհանուր 8,696 գործարք)։ Մայրաքաղաքի վարչական շրջանների շարքում ամենաշատ գործարքները եղել են Արաբկիրում, որին բաժին է ընկել բոլոր գործարքների 26.9%-ը, մինչդեռ ամենապասիվը Նուբարաշենն է՝ ընդամենը 0.5% մասնաբաժնով։
Գնային քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի շեշտակի աճին, Երևանում բնակարանների 1 քմ-ի միջին գները որոշ շրջաններում ցուցաբերել են կայունություն կամ նույնիսկ թեթևակի նվազում։ Գնային աճ է արձանագրվել Նոր Նորքում (3.3%), Էրեբունիում (2%), Շենգավիթում (1.9%) և Աջափնյակում (1.55 %)։ Զարմանալիորեն, բնակարանների առուվաճառքի տեսանկյունից ամենաակտիվ Արաբկիրում միջին գինը նվազել է շուրջ 1.6%-ով՝ 638,700-ից դառնալով 628,300 դրամ։ Նմանատիպ թեթևակի անկում է նկատվել նաև Դավթաշենի և Ավանի բնակարանների գներում։
Երևանում բնակարանների 1 քմ-ի գները ըստ վարչական շրջանի՝ ըստ Կադաստրի կոմիտեի, միջին հաշվարկ
|
Վարչական շրջան |
2024թ. II կիսամյակ (դրամ) |
2025թ. II կիսամյակ (դրամ) |
Փոփոխություն (%) |
|
Կենտրոն |
906,200 |
895,500 |
-1.18% |
|
Արաբկիր |
638,700 |
628,300 |
-1.63% |
|
Նորք-Մարաշ |
- |
545,000 |
- |
|
Դավթաշեն |
483,400 |
477,200 |
-1.28% |
|
Քանաքեռ-Զեյթուն |
445,100 |
448,600 |
+0.79% |
|
Աջափնյակ |
415,050 |
421,500 |
+1.55% |
|
Նոր Նորք |
405,900 |
419,100 |
+3.25% |
|
Էրեբունի |
404,800 |
412,700 |
+1.95% |
|
Շենգավիթ |
396,900 |
404,500 |
+1.91% |
|
Ավան |
403,900 |
399,300 |
-1.14% |
|
Մալաթիա-Սեբաստիա |
395,400 |
395,600 |
+0.05% |
|
Նուբարաշեն |
232,600 |
240,650 |
+3.46% |
Հանրապետության մակարդակով պատկերն ավելի բազմազան է։ Մինչ Երևանում և մարզային քաղաքներում (որտեղ անշարժ գույքի գործարքների աճը կազմել է 3.6%) շուկան ակտիվ է, գյուղական բնակավայրերում 2024-ի երկրորդ կիսամյակի համեմատ արձանագրվել է ընդհանուր անշարժ գույքի գործարքների 5.9% անկում։ Սա վկայում է գնորդների հետաքրքրության հստակ կենտրոնացման մասին քաղաքային միջավայրում և հատկապես բազմաբնակարան շենքերի բնակարանների հատվածում, որտեղ պահանջարկը մնում է կայուն բարձր։
Չնայած Երևանը պահպանում է իր գերակայությունը գործարքների քանակով, մարզային քաղաքային բնակավայրերում անշարժ գույքի առուվաճառքի ծավալներն աճել են 3.6%-ով։ Այս ակտիվության գլխավոր շարժիչ ուժը Կոտայքի մարզն է, որն այսօր հանրապետության ամենաակտիվ շուկան է՝ ապահովելով ընդհանուր գործարքների շուրջ 17.7%-ը։
Այս միտումը պատահական չէ։ Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումները ստիպել են պոտենցիալ գնորդներին նորակառույց բնակարաններ փնտրել մայրաքաղաքին սահմանակից բնակավայրերում։ Կոտայքի մարզում հատկապես աչքի են ընկնում Աբովյանն ու Եղվարդը, որոնք դիտարկվում են որպես Երևանին այլընտրանք։
Կոտայքին հաջորդում են Արարատի և Արմավիրի մարզերը, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում շուկայի շուրջ 8.5-8.8%-ը։ Այս մարզերում ակտիվությունը հավասարաչափ բաշխված է թե՛ հողատարածքների (որպես անշարժ գույքի տեսակ), թե՛ բազմաբնակարան շենքերի բնակարանների միջև։ Հատկանշական է, որ Մասիս, Էջմիածն և Արտաշատ քաղաքներում շուկան դարձել է շատ ավելի կանխատեսելի և կայուն, ինչը նպաստում է գների դանդաղ, բայց հաստատուն աճին։
Սակայն պատկերը միանշանակ չէ ամբողջ հանրապետությունում։ Ի հակադրություն քաղաքային ակտիվության, գյուղական բնակավայրերում անշարժ գույքի գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.9%-ով։ Սա վկայում է այն մասին, որ գնորդներն այժմ փնտրում են ոչ թե պարզապես հող կամ տուն, այլ պատրաստի ենթակառուցվածքներով քաղաքային բնակարաններ։ Ամենապասիվ գոտին շարունակում է մնալ Վայոց Ձորը՝ հանրապետության ընդհանուր ծավալի ընդամենը 0.6% մասնաբաժնով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մարզային զարգացման խորը անհամաչափությունը։