Արգելել ենք որոշ ապրանքների վերաարտահանումը՝ եվրոպական գործընկերների խնդրանքով. Պապոյան
Քաղաքական
12:33 06/02/2026
Հայաստան

Արգելել ենք որոշ ապրանքների վերաարտահանումը՝ եվրոպական գործընկերների խնդրանքով. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները և խոսեց արտաքին առևտրի դինամիկայի, ինչպես նաև պատժամիջոցների  ազդեցության մասին։

Նախարարի խոսքով, Հայաստանն ակտիվորեն համագործակցում է արևմտյան գործընկերների հետ՝ զսպելու համար պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հոսքը դեպի Ռուսաստան։ Սա ուղղակիորեն ազդել է արտահանման ծավալների վրա։

«Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերաարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որոնք, այսպես ասած, սանկցիոն մեխանիզմների խստացման հետ են կապված։ Ցանկացած որոշում, որ Եվրոպական Միությունը կամ Միացյալ Նահանգները ընդունում են Ռուսաստանի դեմ... մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում»,- նշեց նախարարը։

Նա հատուկ շեշտեց սմարթֆոնների և ժամացույցների օրինակը. «Օրինակ,  սմարթֆոն ժամացույցը, մենք տարվա ընթացքում այդ կոդը արգելել ենք վերաարտահանել, որովհետև եվրոպական գործընկերները դրա մասին մեզ խնդրել են»,- ասաց նա։

Չնայած վերաարտահանման կրճատմանը, Եվրոպական Միության կշիռը Հայաստանի արտահանման մեջ գրեթե կրկնապատկվել է։

«Նախորդ տարի Եվրոպական Միության մասնաբաժինը մեր արտահանման մեջ 4.7% էր, այս տարի արդեն բարձրացել է 7.9%-ի։ Դա այն պատճառով չի, որ ԵՄ արտահանումը կրճատվել էր... այլ մյուս ուղղություններով այդ ոսկու, ադամանդի, պլատինի կամ սմարթֆոն ժամացույցի վերաարտահանումը նախկինում եղել է, հիմա նորից չկա»,- մանրամասնեց նախարարը։

Անդրադառնալով մակրոտնտեսական թվերին՝ Պապոյանը հայտնեց, որ տնտեսական ակտիվությունը կազմել է 9.1%, ինչը բարձր է նախորդ տարվա 8.3%-ից։ Նրա կանխատեսմամբ՝ 2025-ի արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհատի 9000 դոլարի շեմը։

Նախարարը նշեց, որ դեկտեմբերին գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 821,470-ի։ Նա հակադարձեց այն կարծիքներին, թե սա միայն ստվերի կրճատման հաշվին է։

«6%-ով աճել է աշխատավարձը, 6%-ով աշխատատեղերը, 6%-ով տնտեսությունը: Այ եթե լիներ խիստ անհամաչափություն... ես կասեի, որ թաքնված աշխատատեղերը եկել գրանցվում են: Եթե այդ համաչափությունը պահպանվում է, նշանակում է... նոր արձանագրվող աշխատատեղերի մեջ իրականում հենց այն աշխատատեղերն են, որոնք իրապես նոր են ստեղծվում»,-ասաց Պապոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder