Հայաստանում կաթի դեֆիցիտ կա. ցույց տվեք գյուղ, որտեղ 700 լիտր կաթ կա, արագ մթերում կկազմակերպենք. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
15:32 06/02/2026
Հայաստան

Հայաստանում կաթի դեֆիցիտ կա. ցույց տվեք գյուղ, որտեղ 700 լիտր կաթ կա, արագ մթերում կկազմակերպենք. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ միջամտել, եթե գյուղացիները մթերման խնդիր ունենան, քանի որ շուկայում հումքի մեծ պահանջարկ կա։

«Ինձ ասեք գյուղ, տեղ, որտեղ կա 700 լ կաթ, մարդիկ ուզում են այդ կաթը հանձնել հենց իրենց գյուղում և չկա մթերման կետ, և մենք շատ արագ կկազմակերպենք... ինձ դիմում են մեր արտադրողները և խնդրում են կաթ, որովհետև կաթ չկա Հայաստանում... ոչ թե կաթ չկա, այլ այդքան չկա, ինչքան որ իրենց պետք է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահին կաթը մթերվում է 170-200 դրամով։

Պապոյանը ասուլիսին ներկայացրեց նաև արտաքին առևտրի թվերը։ Նա ընդգծեց, որ եթե «զտենք» վերաարտահանման ցուցանիշները (ոսկի, պլատին, ավտոմեքենաներ), ապա բուն հայկական արտադրանքի արտահանումը կայուն աճում է։

«Եթե 21 թվականին մոտ 2.6 միլիարդ էր մեր արտահանումը, արդեն 25 թվականին 4 միլիարդ 462 միլիոն դոլար էր... սա վերաբերում է հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանմանը, այսինքն՝ սա չի վերաբերվում հեռուստացույց, որ մենք չենք արտադրում, մեքենա, որը մենք չենք արտադրում, ոսկի, որը մենք դեռ չենք արտադրում (շուտով արտադրելու ենք ու շատ)»։

Նախարարի խոսքով՝ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ աճել է մոտ 10%-ով կամ 400 միլիոն դոլարով։

Նախարարն անդրադարձավ նաև տնտեսության արդյունավետությանը՝ նշելով, որ արտադրողականությունը վերջին տարիներին կրկնապատկվել է։ Սա նշանակում է, որ նույն մարդը նույն ժամանակահատվածում ստեղծում է երկու անգամ ավելի շատ արդյունք։

«Արտադրողականության ավելացման երկու հիմնական ձև կա... Առաջինը, երբ որ դու նոր գիտելիք ես ստանում... և երկրորդը, երբ որ դու նոր տեխնոլոգիա ես ձեռք բերում... Օրինակ՝ գործարանը, որը իր խորհրդային ժամանակների կամ 90-ականների համեմատաբար հին տեխնոլոգիաները փոխարինում է գերմանական կամ ճապոնական տեխնոլոգիայով, այդ ժամանակ ոչ միայն որակն է բարելավվում, այլ նաև շատ ավելի արտադրողական է լինում»։

Պապոյանը շեշտեց, որ կառավարությունը սուբսիդավորում է վարկերի և լիզինգի տոկոսադրույքները բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր սարքավորումներ են ձեռք բերում, և արդեն ձևավորվել է մի քանի միլիարդ դոլարի պորտֆել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder