Ազգային պատկերասրահն իր տարածքում լուսանկարահանումներից ստացել է 14 միլիոն 445 հազար դրամ գումար
Մշակույթ
11:35 06/02/2026
Հայաստան

Ազգային պատկերասրահն իր տարածքում լուսանկարահանումներից ստացել է 14 միլիոն 445 հազար դրամ գումար

Հայաստանի Ազգային պատկերասրահի տարբեր սրահներում նախորդ տարվա ընթացքում 375 լուսանկարահանում է եղել, այդ թվում հարսանեկան։ Վճարովի ծառայությունից պատկերասրահը ստացել է 14 միլիոն 445 հազար դրամ։ Տվյալները Panorama.am-ին փոխանցեցին Ազգային պատկերասրահից։

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ վճարովի ծառայությունից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով, ստանալով թույլտվություն։

«Գնալով ավելանում են հարսանեկան լուսանկարահանումների թիվը։ Այսօր թանգարանները հանրահռչակման լուրջ խնդիր ունեն, այս լուսանկարահանումները որոշ չափով լուծում են նաև այդ խնդիրը։ Երբեմն ասում են՝ խանգարում են այցելուներին։ Բայց երբ այցելում ես համաշխարհային խոշորագույն թանգարաններ ու տեսնում, թե ինչքան մարդիկ կան սրահներում, ինչ դժվարությամբ են տեսնում  նմուշները, կարծում եմ, լուսանկարահանվելու համար այդ 4 այցելուն  չեն կարող խանգարել մյուսներին։

Նույնիսկ եթե որոշակի անհարմարություններ են ներկայացնում այդ պահին, համարում եմ կարևոր փոփոխություն, քանի որ եթե հարսանեկան ֆոտոսեսիան ընտրված է հենց մշակույթի միջավայրում, նշանակում է գիտակցության որոշակի փոփոխություն։

Եթե դու քեզ համար այդ կարևոր օրը գալիս ու նկարվում ես Այվազովսկու, Սարյանի  կտավների, վերածննդի գլուխգործոցների առջև, արդեն լուրջ ներքին փոփոխություն է»,- ասաց Մ. Հակոբյանը։

Ազգային պատկերասրահի բոլոր ցուցասրահները բաց են նման լուսանկարահանումների համար, հիմնականում ընտրում են համաշխարհային արվեստի եվրոպական ու հայկական կերպարվեստի սրահները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազգային պատկերասրահն իր տարածքում լուսանկարահանումներից ստացել է 14 միլիոն 445 հազար դրամ գումար