«Մեծ Ադրբեջան» կարող է ստեղծվել, բայց կենտրոնը ոչ թե Բաքուն, այլ Թավրիզը կամ Սպահանը կլինի․ Հայկ Նահապետյան
Քաղաքական
21:42 06/02/2026
Հայաստան

«Մեծ Ադրբեջան» կարող է ստեղծվել, բայց կենտրոնը ոչ թե Բաքուն, այլ Թավրիզը կամ Սպահանը կլինի․ Հայկ Նահապետյան

«Եթե մեր հարևան Իրանը ներքաշվի մեծ պատերազմի մեջ, ապա այս դեպքում Ադրբեջանը  մեծ հավակնություններ կունենա Իրանից հսկայական տարածքներ վերցնելու և միացյալ մեկ պետություն ստեղծելու»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ Ադրբեջանը կարող է գնալ այդ  ռիսկին, քանի որ ԱՄՆ-ի կողմից է աջակցություն ստանում։

« Ալիևը հասավ նրան,որ ԱՄՆ-ն  հանեց 907 արգելանքը, բանաձևը, որով ԱՄՆ- Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացվում։ «Խաղաղություն» ուզող երկրի ղեկավարը տարածաշրջանի մի պետությանը մինչև վերջ զինում է, իսկ  Հայաստանին՝ մոդուլային ատոմակայան։ Մեր ատոմակայանը, որը մինչև 2036թ․-ը կարող է աշխատել, հետո ՝ փակել, Հայաստանի ժողովուրդն էլ որպես փորձարկման դաշտ։ ԱՄՆ-ն երբեք մոդուլային ատոմակայան չի կառուցել, առաջինը մեր վրա կփորձեն՝ դրանից բխող ծանր հետևանքներով»,- ասաց նա։

 Փորձագետը Իրանը ներսից գրավելու հավանակություն չի տեսնում, սակայն չի բացառում, որ ԱՄՆ-ն երրորդ փորձը կանի։

«Իրանը ներսից գրավելու ռազմական գործողություն սկզբունքորեն բացառում եմ, որովհետև  գործողության համար առնվազն 1․5 միլիոն   անձնակազմ  է  պետք մի քանի հազար ինքնաթիռ։ Տեսականորեն   ո՛չ անձնակազմը, ո՛չ ինքնաթիռների քանակը հնարավոր չէ այս  պահին պատրաստել՝ տարբեր պետությունների, զինուժների համատեղ, ուրեմն, զորամիավորումներով։ Բայց լինելու է փորձ 3-րդ անգամ իշխանափոխության։ Իրանի կարևորագույն օբյեկտներին կարող են լինել հրթիռակոծումներ, հրետակոծումներ, այդ թվում՝ ֆիզիկական ենթակառուցներին,  5-րդ, 6-րդ շարասյանը կրկին փողոց հանելու, և իշխանությունը զինված զենքի ուժով արդեն, ոչ թե փողոցային պայքարի, ուղղակի խլելու։ Երրորդ փորձը լինելու է»։

Սակայն արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է  կամ կգնա այդ քայլին։ Ըստ  փորձագետի՝ եթե Դոնալդ Թրամփը երրորդ  փորձն էլ ձախողեց, ապա  նոյեմբերին ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ, այդ պարտությունը իր վրա «թանկ կնստի»։

«Թրամփին պետք է հաղթանակ, որը կլինի ընտրությունների նախաշեմին հանրապետականների հաղթանակը։ Այդ հաղթանակը  կապահովի հաջորդ նախագահականում հանրապետական թեկնածուի վերընտրվելը։ Իսկ եթե՝ ոչ, ապա պարտությունը ուղղակի բախելու է հանրապետականի դուռը։ Այսինքն՝ եթե նոյեմբերին հանրապետականները պարտվեցին միջանկյալ ընտրություններին, հաջորդ օրը դեմոկրատները, կսկսեն իմպիչմենտի գործընթաց։ Թրամփի պետք է 100 %-անոց հաղթանակ, իսկ Իրանի դեմ գործողությունը 100 %-անոց չէ։ Այս առումով, եթե այն նա գործողություն սկսեց և պարտվեց հերթական անգամ, կարծում եմ, ընդհանրապես, Թրամփը, որպես Հանրապետականի թեկնածու, արդեն Հանրապետականի համար խոչընդոտ կարող է դառնալ»,- ասաց նա։

 Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասնակցությանը Իրանի դեմ  հնարավոր գործողություններին, ապա փորձագետն ասաց․ « Ադրբեջանը, եթե գնա այդ արկածախնդրությանը, այդ ժամանակ, այո՛,  կարծում եմ՝ «Մեծ Ադրբեջան» կարող է ստեղծվել, բայց կենտրոնը ոչ թե Բաքուն, այլ Թավրիզը  կամ Սպահանը կլինի»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Մեծ Ադրբեջան» կարող է ստեղծվել, բայց կենտրոնը ոչ թե Բաքուն, այլ Թավրիզը կամ Սպահանը կլինի․ Հայկ Նահապետյան