Ինչո՞ւ «Կոմիտաս պարկ»-ի բնակարաններում գազ չկա. Բարդություններն ու խնդիրները ներկայացնում է կառուցապատողը
Տնտեսություն
13:10 07/02/2026
Հայաստան

Ինչո՞ւ «Կոմիտաս պարկ»-ի բնակարաններում գազ չկա. Բարդություններն ու խնդիրները ներկայացնում է կառուցապատողը

«2023-24 թվականներին Երևանում լուրջ խնդիրներ առաջացան գազի ճնշման ու քանակների հետ՝ պայմանավորված բավականին մեծ թվով նորակառույցների հետ։ Բավականին երկար ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չէր տրամադրում նոր տեխպայման նոր կառուցվող շենքերի համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Կոմիտաս պարկի» կառուցապատող «Ord.development» ընկերության փոխտնօրեն Արսեն Միրզոյանը՝ անդրադառնալով նորակառույց շենքներում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիների բողոքներին։

Փոխտնօրենի խոսքով, ընկերությունը դրանից առաջ ստացել էր տեխպայման։ Խնդիրների լուծման համար կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ համատեղ իրականացրել է ներդրումային ծրագիր, կառուցել միջին ճնշման խողովակաշարեր չորս ուղղություններով։

«Ուղղություններից մեկն էլ սա է։ Խնդիրն այն է, որ մենք, ունենալով տեխպայման, ենթադրել ենք, որ դրա շրջանակում են աշխատանքներն իրականացվելու, բայց պարզվեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն նոր ցանցին հարկադրաբար միացման վճար է սահմանել, որը նախկինում գոյություն չի ունեցել։ Այսինքն, կառուցապատողն իր միջոցներով գազամատակարարման խողովակաշարն անցկացնում էր, բայց միացման համար որևէ վճար չկար։ Հիմա սահմանված է այդ վճարը, որը բավականին մեծ գումար է, 1խմ-ի համար՝ 172 հազար դրամ։ Դրանով էլ հենց պայմանավորված են եղել մեր բարդությունները»,-ասաց ընկերության փոխտնօրենը։

Նրա խոսքով, երկարատև բանակցություններից հետո արդեն անցած հինգշաբթի լրացված, ամբողջական  դիմում է  ներկայացվել «Գազպրոմ Արմենիա» ընկերություն։ Կառուցապատողն ակնկալում է  երեքշաբթի օրը ստանալ փաթեթ, ինչից հետո խնդրի լուծումը գործնական փուլ է մտնելու։

Միրզոյանն ասաց՝ դրան նախորդել են «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների բազմաթիվ այցելություններ, այսօր էլ նման մի այց է նախատեսված։

«Ինչ վերաբերում է կառուցված խողովակաշարին, ապա 1-2 տեխնիկական հարցեր կան։ Փոփոխություններ են արվելու, որոնք օրերի հարց են, դա լինելու է զուգահեռ, ոչ թե ավարտից հետո։ «Գազպրոմ»-ի հետ մենք արդեն քննարկել ենք այդ հանգույցներում փոփոխության թե ձևը, թե տեխնիկական լուծումները։ Արդեն գործնական փուլ ենք մտել»,-ասաց ընկերության փոխտնօրենը՝ խոստանալով, որ 1-1.5 ամիս անց բնակարաններում անցկացված գազ կլինի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder