Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իրանի հետ առևտուրը սպառնալիք չէ. Տնտեսագետ
Քաղաքական
15:27 09/02/2026
Հայաստան

Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իրանի հետ առևտուրը սպառնալիք չէ. Տնտեսագետ

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քանի որ կզրկվի իր երկրորդ այլընտրանքային ճանապարհից։ Panorama.am-ի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սահմանափակումներին։ 

Ըստ փորձագետի՝ Հայաստան-Իրան կապը ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական-քաղաքական նշանակություն ունի, հատկապես այն պայմաններում, երբ երկրի արևելյան և արևմտյան սահմանները փակ են։

Պարսյանը պարզաբանում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից սահմանված 25% լրացուցիչ մաքսատուրքը չպետք է ստիպի Հայաստանին վերանայել իր հարաբերությունները Թեհրանի հետ։

«Մենք ԱՄՆ արտահանում ենք տարեկան մոտավորապես 50-ից 60 միլիոն դոլարի ապրանք, իսկ Իրան արտահանում ենք մոտ 100 միլիոն դոլարի ապրանք, այսինքն Իրան ավելի շատ ենք արտահանում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և թեկուզ այդ 25% մաքսատուրքի կիրառությունը չի կարող Հայաստանին մեծ տնտեսական վնասներ հասցնել»,- նշեց նա։

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ ամերիկյան նոր կարգավորումներից հիմնականում կտուժեն ԱՄՆ շուկա արտահանվող հայկական ադամանդն ու ոսկյա իրերը, ինչպես նաև վերամշակված սննդամթերքը, որոնք պարզապես կթանկանան սփյուռքի սպառողների համար։ Այդուհանդերձ, նա պնդում է, որ հայկական կողմը պետք է շարունակի առևտուրը Իրանի հետ նույնիսկ տուրքերի կիրառման պարագայում։

Քաղաքական հարթությունում Պարսյանը հորդորում է ցուցաբերել ճկունություն։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է բոլոր երկրների համար, սակայն գործնականում հնարավոր է նաև հետաձգել Հայաստանի նկատմամբ 25%-ի մաքսատուրքի կիրառությունը։ Հայաստանը պետք է ամերիկյան կողմին հստակ բացատրի, որ Իրանի հետ սերտ կապերը չեն հակասում տարածաշրջանային խաղաղության նախագծերին։

«Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ պահպանի Իրանի հետ իր սերտ հարաբերությունները՝ ցույց տալով, որ այդ վտանգները չկան,  ցույց տալով, որ դա ուղղված չէ իր շահերին, և Իրանի հետ լավ հարաբերություններ պահպանելը նաև կօգնի, կօժանդակի Թրիփի գործարկումը։ Մենք չենք կարող թշնամական հարաբերություններ ստեղծել մեր հարևանի հետ, միաժամանակ Թրիփ կառուցել»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Նրա համոզմամբ,  Հայաստանի համար Իրանի հետ ճանապարհը կենսական է, և ՄԱԿ-ի կամ այլ կառույցների ձևաչափերով որևէ որոշում չի կարող կանգնեցնել Հայաստանին՝ իրացնելու իր աշխարհագրական այլընտրանքի իրավունքը։

Հիշեցնենք՝ քննարկման առանցքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրն է, որով 25 տոկոս լրացուցիչ մաքսատուրք է սահմանվում այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն Իրանից գնում կամ ներմուծում են որևէ ապրանք կամ ծառայություն։ Ըստ հրամանագրի՝ ԱՄՆ-ն Իրանի կառավարության քաղաքականությունը շարունակում է դիտարկել որպես արտակարգ սպառնալիք իր ազգային անվտանգությանն ու տնտեսությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder