Քաղաքապետարանը մերժել է վարորդի փոխհատուցման պահանջը. ո՞վ է պատասխանատու մերկասառույցի պատճառով տեղի ունեցած վթարի համար
Իրավունք
15:55 09/02/2026
Հայաստան

Քաղաքապետարանը մերժել է վարորդի փոխհատուցման պահանջը. ո՞վ է պատասխանատու մերկասառույցի պատճառով տեղի ունեցած վթարի համար

Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես մերժել է քաղաքացի Արնոլդ Հովասափյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր փոխհատուցել Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով պատճառված նյութական վնասը։ 

Քաղաքացին պնդում էր, որ պատահարի բուն պատճառը ճանապարհի մերկասառույցն ու քաղաքային իշխանությունների անգործությունն է եղել։

Դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 2-ին։ Բախվել են երեք ավտոմեքենաներ՝ «Range Rover Sport», «Ford Explorer» և «Hongqi E-qm5»։ Ford-ի սեփականատեր Արնոլդ Հովասափյանը դիմել էր քաղաքապետարան՝ պահանջելով արձանագրել, որ ճանապարհահատվածում հակասառցային միջոցառումներ չեն իրականացվել, և քաղաքապետարանը պետք է ամբողջությամբ փոխհատուցի իրեն պատճառված վնասը։

Ուսումնասիրելով գործի փաստերը՝ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել մի քանի հիմնավորմամբ. Փորձագիտական եզրակացության համաձայն՝ վթարում հաստատվել է «Range Rover»-ի վարորդի մեղավորությունը։ Փորձագետը նշել է, որ վարորդը պարտավոր էր հաշվի առնել ճանապարհային պայմանները (մերկասառույցը) և ընտրել այնպիսի արագություն, որը թույլ կտար պահպանել մեքենայի լիարժեք կառավարումը։

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը պարզաբանել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ձնմաքրման աշխատանքներն իրականացրել է հրատապ կերպով՝ առաջնահերթություն տալով կենսական նշանակություն ունեցող ճանապարհներին։

Որոշման մեջ շեշտվում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու և վերահսկողության գործառույթը վերապահված է Ներքին գործերի նախարարությանը (Ոստիկանությանը), այլ ոչ թե քաղաքապետարանին, հետևաբար, քաղաքապետը չի հանդիսանում պատշաճ պատասխանատու մարմին վնասի փոխհատուցման հարցում։

Քաղաքապետարանը նաև մատնանշել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որ վնասը եղել է հենց քաղաքապետարանի անգործության «ուղղակի և անխուսափելի» հետևանքը։ Ըստ իրավական նորմերի՝ վնասի հատուցումը պետք է իրականացնի պատճառող կողմը (տվյալ դեպքում՝ մեղավոր վարորդը կամ ապահովագրական ընկերությունը)։

Քաղաքապետարանը մերժել է դիմումը՝ քաղաքացուն հուշելով, որ որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտնել էր, որ մերկասառույցի հետևանքով տուժած քաղաքացիներին ուղղորդել է քաղաքական իշխանությունների մոտ՝ հիշեցնելով, որ ձյան մաքրումը նրանց կողմից ապահովվելիք անմիջական գործառույթ է, ապա ընդգծել, որ  քաղաքային իշխանության անգործության հետևանքով կրած վնասների համար քաղաքացիները կարող են փոխհատուցում պահանջել դատական կարգով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder