Հայաստանը գոյութենական մակարդակի խնդիրներ է ունենալու. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
15:02 09/02/2026
Հայաստան

Հայաստանը գոյութենական մակարդակի խնդիրներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի իշխանությունները կխնդրեն Վենսին ճնշում բանեցնել Ադրբեջանի կառավարության վրա՝ ազատ արձակելու Բաքվում պահվող հայ գերիներին՝ ներառյալ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- Աժ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ իշխանություններն այն չեն անելու, այլ ընդդիմությունն է գործելու այդ ուղղությամբ։

Նա նշեց, որ ԱՄՆ փոխնախագահի հետ պետք է քննարկվի նաև Հայաստանի ապաշրջափակման հարցը, քանի որ TRIPP-ի գործարկումը  ապաշրջափակում չէ։

«Հայաստանը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող, կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ ԱՄՆ-Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում, Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար ուղղակի կենսական գոյութենական ռիսկ է»,- ասաց Խաչատրյանը՝ անդրադառնալով  Հայաստանի՝ որպես Իրանի հետ առևտուր անողի հանդեպ ԱՄՆ-ի կողմից 20 % մաքսատուրքեր սահմանելու խնդրին։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները այդ հարցում հաջողություններ չեն արձանագրել, որովհետև եթե Հայաստանը փակի սահմանը Իրանի հետ կամ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, մեր պետությունը ունենալու է շատ լուրջ խնդիրներ,

«Այդ դեպքում գոյութենական մակարդակի խնդիրներ ենք ունենալու։ Այնպես որ պետք է կարողանան թույլ չտալ, որպեսզի դրվի այդ «կամ-կամ» հարցը»,- ասաց խաչատրյանը՝ հավելելեով.

Մենք դեռ 2021 թ. մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թող Արցախում լինեն ռուսները, իսկ Սոթք-Խոզնավար հատվածում լինեն այլ երկրի խաղաղապահ ուժեր, ասում էինք՝ Հայաստանը չես կարող դարձնել տիտանների բախման թատերաբեմ։ Այդպիսի բան որ անում ես, վաղը «կամ-կամ»-ի հարց է առաջանալու և իրենց բալանսավորված և բալանսավորվող քաղաքականությունը կարող է բերել շատ-շատ-շատ ծանր հետևանքների»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը գոյութենական մակարդակի խնդիրներ է ունենալու. Արթուր Խաչատրյան