Ընտանեկան լոտո. Օգտատերերը՝ Միրզոյանի ու կնոջ հանդիպման մասին
Քաղաքական
15:25 10/02/2026
Հայաստան

Ընտանեկան լոտո. Օգտատերերը՝ Միրզոյանի ու կնոջ հանդիպման մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունն ու մանրամասնում, որ հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը:

Հիշեցնենք, որ Գոհար Աբաջյանը Միրզոյանի կինն է։

Արձագանքելով այս լուրին՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նշել է. «Ընտանեկան լոտո»։

Պաշտոնական լրատվության համաձայն, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ երկկողմ հուշագրերով ձևավորվել է փոխգործակցության լավ հիմք և արդեն իսկ առկա են համագործակցության շոշափելի դրսևորումներ:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս ոլորտներում Հայաստանում ձևավորված փորձն ու արագ տեմպերով զարգացող միջավայրը:

Արարատ Միրզոյանը և Ջեյքոբ Հելբերգն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով, մասնավորապես էներգետիկ, կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ հեռանկարներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտանեկան լոտո. Օգտատերերը՝ Միրզոյանի ու կնոջ հանդիպման մասին