Անջատե՛ք միկրոֆոնը, կառավարությունը թերացել է․ Բուռն քննարկում ԱԺ-ում՝ խաղային գործունեության ոլորտի փոփոխությունների վերաբերյալ
Քաղաքական
12:23 10/02/2026
Հայաստան

Անջատե՛ք միկրոֆոնը, կառավարությունը թերացել է․ Բուռն քննարկում ԱԺ-ում՝ խաղային գործունեության ոլորտի փոփոխությունների վերաբերյալ

Ազգային ժողովում այսօր քննարկվում են խաղային գործունեության ոլորտում թվային նոր ենթակառուցվածքի ներդրման և օպերատորի ընտրության գործընթացին վերաբերող օրենսդրական փոփոխությունները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հայտարարեց, որ ստեղծվում է մի համակարգ, որտեղ յուրաքանչյուր խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի, և ՊԵԿ-ը կունենա ամբողջական տեղեկատվություն։ 

Նրա խոսքով՝ մրցույթի առաջին փուլն արդեն ավարտվել է, և այժմ գտնվում են երկրորդ փուլում։

«Թվային ենթակառուցվածք ենք ստեղծում, որտեղ ամեն խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի և ՊԵԿ-ը կունենա համապատասխան տեղեկատվություն։ Այսպիսով՝ հիմա սահմանում ենք բողոքարկման ժամկետներ, երկրորդը՝ կատարել ենք լրացում, որով բացառում ենք այնպիսի հայցի ապահովումը, որը կհանգեցնի մրցութային գործի կասեցմանը։ Սա անում ենք համանման կարգավորումներ ունենալով պետություն-մասնավոր գործընկերության հետ կապված և ըստ էության դրան ավելացնում ենք նաև խաղային գործունեության մասին օպերատորի համապատասխան ընթացակարգը»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգություն հայտնեց «պետություն-մասնավոր գործընկերություն» (ՊՄԳ) տերմինի կիրառման վերաբերյալ՝ նկատելով, որ ամեն ինչ չէ, որ կարելի է այդպես կոչել։ 

«Հույս ունեմ՝ օրենքի մեջ չեք մտցնում, ուղղակի խոսքի մեջ ասացիք, որովհետև նման այլ անալոգիաներ կարող է լինել։ Այդ կազմակերպությունը աշխատում է ոչ թե պետության տված փողով, այլ անդամավճարների տեսքով։ Ամեն ինչ չենք կարող կոչել ՊՄԳ»,- արձագանքեց պատգամավորը։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց փոփոխությունների նպատակի մասին, երբ մրցույթն արդեն ընթացքի մեջ է։ Ի պատասխան Ռաֆայել Գևորգյանը շեշտեց, որ չափանիշների փոփոխություն չի արվում. «Մեր փոփոխությունը բացառապես վերաբերվում է դատական պրոցեսներով մրցույթին հնարավոր խոչընդոտմանը»։

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչու է գործընթացը երկու տարով ուշացել, և ինչու են նախագծից հանվել որոշ սոցիալական խմբերի (նպաստառուներ, թոշակառուներ, վարկային մեծ բեռ ունեցողներ) խաղերին մասնակցելու արգելքները։ Նրա ելույթն ընդհատվեց ժամանակի սպառման պատճառով, ինչից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրահանգեց անջատել խոսափողը։ 

ՊԵԿ փոխնախագահը պարզաբանեց, որ ուշացումը պայմանավորված է նախագծի մասշտաբայնությամբ և միջազգային ստանդարտներով նախատեսված երկար ժամկետներով, որոնք անհրաժեշտ են մասնավոր հատվածին պատշաճ առաջարկ ներկայացնելու համար։

«Նման մասշտաբային պրոյեկտ, երբ 15 տարով մասնավոր գործընկերոջ հետ պայմանագիր ենք կնքում, մեր երկրի պատմության մեջ շատ չեն նման գնման գործընթացները։ Միջազգային ընդունված պրակտիկա է, որպեսզի մասնավոր հատվածը ժամանակ ունենա ծանոթանալ այն պահանջներին և պատրաստվել համապատասխան առաջարկներ ներկայացնելուն։ Եթե նման ժամկետներ չեն տրվում, ապա իրատեսական չէ ակնկալել մասնավոր հատվածից ադեկվատ արձագանք»,- ասաց Գևորգյանը։

Անդրադառնալով սահմանափակումներին՝ նա նշեց, որ փոփոխությունները եղել են նախագծի մշակման փուլում, սակայն այսօր էլ օրենքով արգելված բազմաթիվ խմբեր կան. «Բազմաթիվ խմբեր կան, որոնք օրենքով այսօր էլ արգելված է, որ նոր օրենքով ամեն դեպքում պետք է խաղան, այդ դեպքում պետական ծառայողներ, զինվորականներ և այլն, այդ ամենի կարգավորման հենց նպատակով էլ ներդրվում է խաղային կարգավորման մասին օպերատորը։ Ներդրումից հետո, բնականաբար, եթե կարիք կլինի նոր խմբեր ավելացնել, Ազգային ժողովը կարող է նախաձեռնել համապատասխան փոփոխություններ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder