Հայաստանցի բովանդակություն ստեղծողները գարնանից կկարողանան գումար վաստակել YouTube-ում
Տնտեսություն
16:08 10/02/2026
Հայաստան

Հայաստանցի բովանդակություն ստեղծողները գարնանից կկարողանան գումար վաստակել YouTube-ում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում YouTube-ը պաշտոնապես հայտարարեց իր Գործընկերային ծրագրի (YPP) մեկնարկի մասին, որը նախատեսվում է գործարկել այս գարնանը:  Այս զարգացումը հնարավորություն կտա հայաստանցի բովանդակություն ստեղծողներին ու մեդիա ընկերություններին գումար վաստակել հարթակում, ինչը մինչ օրս հասանելի չէր տեղական դիտումների համար:  Ըստ YouTube-ի եկամուտների բաշխման մոդելի՝ ընկերության հաջողությունը պայմանավորված է ստեղծողների հաջողությամբ, և վերջին չորս տարիների ընթացքում հարթակն ավելի քան 100 միլիարդ դոլար է վճարել իր գործընկերներին աշխարհում:

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նորությունը, նկատեց, որ սպասումները մեծ են: Մինչ օրս հայաստանում տվյալ հարթակում բովանդակություն ստեղծողները եկամուտ էին ստանում բացառապես արտասահմանյան դիտումներից, քանի որ Հայաստանում եղած դիտումների վրա գովազդ չէր տեղադրվում: Պապյանը պարզաբանեց, որ եկամուտները խիստ կապված են շուկայի և թեմաների հետ։ 

«Օրինակ՝ ամերիկյան շուկայից, եթե ունեք ամիսը 250,000 դիտում, կարող էիք հույս ունենալ, որ այդ ամիս մի 300 դոլար փող կաշխատեիք։ Լավ դիտվող կոնտենտ ստեղծող մարդիկ հանգիստ կարող են ամսական նորմալ աշխատավարձի մակարդակի հասնել դրանով»,- նշեց Պապյանը:

Փորձագետը նաև շեշտեց, որ սա հատկապես կարևոր է լրատվամիջոցների համար, քանի որ հավելյալ գովազդային եկամուտը կբարձրացնի նրանց տնտեսական անկախությունը և հնարավորություն կտա բարելավել բովանդակության որակը:

«Մեդիասպառողները կարող են նույնիսկ դժգոհել, որ ամեն վիդեո նայելուց գովազդներ են հայտնվում, բայց մյուս կողմից կարող են վստահ լինել, որ եթե ինչ-որ կոնտենտ իրենց դուր է գալիս, ստեղծողը գումար աշխատելու հնարավորություն կունենա և կշարունակի դա ստեղծել»,- նշեց Պապյանը:

Մոնետիզացիայի գործարկմանը զուգահեռ սպասվում է նաև YouTube Premium (նախկինում՝ Red) ծառայության ակտիվացումը Հայաստանում: Արթուր Պապյանը նշեց, որ սա սպառողների համար գովազդից ազատվելու և լրացուցիչ հնարավորություններ ստանալու հիմնական միջոցն է։

«Ենթադրվում է, որ հենց այդպես էլ լինում է, որովհետև սովորաբար, եթե գովազդային տարբերակը մտնում է, նաև դրանից ակտիվանում է, այսպես կոչված YouTube Red-ը, որը թույլ է տալիս YouTube-ով ավելի լավ ծառայություններ ունենալ, այդ թվում, օրինակ, վիդեոներ ներբեռնել, YouTube Music միացնել և նաև ազատվել գովազդից»,- եզրափակեց մեդիափորձագետը։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունել է YouTube-ի որոշումը՝ այն որակելով որպես կարևոր քայլ Հայաստանի ստեղծարար և թվային տնտեսության համար: Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն էլ ընդգծել է, որ սա միջազգային գործընկերների հետ իրականացված հետևողական տեխնիկական և դիվանագիտական աշխատանքի արդյունքն է: YouTube-ի կառավարության հետ կապերի գծով փոխնախագահ Լեսլի Միլլերն էլ նշել է, որ ծրագրի մեկնարկով հույս ունեն զորացնել տեղական ձայները և ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանցի բովանդակություն ստեղծողները գարնանից կկարողանան գումար վաստակել YouTube-ում